Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողը կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ԱԱԾ–ին տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել ՀՀ սահմանը։

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

MediaHub-ին գյուղացիներից մեկն ասաց. «Չգիտեմ` ում է կրակել, բայց ամեն դեպքում էդ ինֆորմացիան ճիշտ է, նա վիրավորել է մի կնոջ, և ադրբեջանցուն վնասազերծել են ամենակարևորը։ Զինված ադրբեջանցի է եղել, և նրան վնասազերծել են»։

Leave a comment