Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը

Քաղաքականություն

01.10.2026 | 17:03

Ադրբեջանական Քյուրդամիրում հարսանիքի ժամանակ զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել։ Ռեստորանում տեղի ունեցած տոնակատարության մասնակիցների թիվը, որոնց մոտ թունավորում է արձանագրվել, արդեն գերազանցել է 90-ը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տուժածները տեղափոխվել են Քյուրդամիրի շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցներ և Սննդամթերքի անվտանգության գործակալության մասնագետներ։

Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումից (TƏBİB)  հայտնել են, որ սեպտեմբերի 30-ին՝ տեղական ժամանակով 20:50-ին, Քյուրդամիրի շրջանային կենտրոնական հիվանդանոց է հոսպիտալացվել թունավորման կասկածով 91 մարդ։ Այն տուժածները, որոնց վիճակը գնահատվել է բավարար, դուրս են գրվել հիվանդանոցից։

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են, որ շրջանային դատախազությունը հետաքննություն է իրականացնում դեպքի առնչությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment