Փաշինյան․ Ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են արվում (PAN.am)

Ֆուտբոլի ոլորտում շատ լուրջ ներդրումներ են արվում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մարզադաշտերի կառուցմանը:

Կառավարությունն հոկտեմբերի 1-ի նիստում որոշում է ընդունել Վանաձորում և Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան ֆուտբոլային մարզադաշտերի կառուցման կամ վերակառուցման աշխատանքների վերաբերյալ, հայտնում է Radar.am-ը:

«Հայաստանում, ի վերջո, ստեղծվում են ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր։ Վերջին 1 ամսում ես 2 այց եմ ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի ակադեմիա և իտալական «Յուվենտուս» ակումբի հայաստանյան ակադեմիայի բացմանը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ այն, ինչի մասին խոսվում էր, այժմ ամեն ինչ առարկայանում է:

«Որովհետև ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ։ Մարդիկ կոնկրետ ներդրում են անում այս տրամաբանության մեջ։ Մինչ այս ի՞նչ տրամաբանություն է ունեցել ֆուտբոլը․ մի քիչ համայնքի ղեկավարը պիտի տա, մի քիչ մարզպետը, կառավարությունը, բարերարները։ Մեկը աջ ոտքի «բուծին» կտա, մյուսը՝ ձախ ոտքի…»,- շեշտել է նա և ընդգծել, որ այդպես ֆուտբոլ չէր կարող զարգանալ։

Երևանում պաշտոնապես բացվել է «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի Ավանի մասնաճյուղը՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված ծրագրերով։ Բացման միջոցառմանը ներկա էին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և իտալացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին։

Leave a comment