ԵՄ աշխատանքային խմբի անդամներն այցելել են Կիրանց (PAN.am)

ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողության եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ, սեպտեմբերի 29-ին այցելել է Կիրանց։

Պատվիրակության անդամները շրջայց են կատարել Կիրանց բնակավայրում։ Նրանք այցելել են Կիրանցի հիմնական դպրոց, Սուրբ Երրորդություն եկեղեցի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի՝ Կիրանցի սահմանազատված հատված, հայտնում է Արմենպրեսը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվել են սահմանազատման գործընթացից հետո կատարված աշխատանքները։

Նրանք ծանոթացել են նաև սահմանազատումից հետո Կիրանցում ստեղծված ենթակառուցվածքներին։

Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում սահմանազատման և սահմանագծման աշխատանքները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսին։ Սահմանագիծն անցկացվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանի (1976 թվականի դրությամբ) իրավական հիմք ունեցող քարտեզով:

Leave a comment