Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության FZ1073 չվերթի իսրայելցի ուղևոր Յանիվ Հայունը պատմել է, թե ինչպես է վնասազերծել երկրորդ օդաչուին՝ անձնակազմի հրամանատարի դանակահարությունից հետո։
Թել Ավիվում պահեստային օդանավի վայրէջքից հետո նա հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այդ պահին նա դեռ կրում էր արյունոտված շապիկը, գրում է BBC-ն:
Իսրայելի իշխանությունները տեղի ունեցածը համարել են ջիհադիստական հարձակման փորձ։ Միջադեպի քննությունը շարունակվում է, իսկ կասկածյալի հնարավոր շարժառիթների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել։
Միաժամանակ Flydubai-ը հայտարարել է, որ հետաքննության ընթացքում ժամանակավորապես դադարեցրել է Թել Ավիվ իրականացվող թռիչքները։
Այն բանից հետո, երբ Հայունը վնասազերծել է հարձակվողին, հաջողվել է կայունացնել օդանավը։ Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թաբուք քաղաքում արտակարգ վայրէջքն իրականացրել են ևս երկու օդաչուներ, որոնք այդ չվերթով ուղևորի կարգավիճակով են թռել։
Հայունը վարչապետին հայտնել է, որ կասկածել է՝ ինչ-որ բան այն չէ, երբ օդանավը հանկարծ սկսել է բարձրություն կորցնել և երկու րոպեից էլ պակաս ժամանակում իջել է 5․2 հազար մետր։
«Ինչ-որ մեկը սկսել է գոռալ, լույսն անջատվել է», — ասել է Յանիվ Հայունն Իսրայելի վարչապետի հրապարակած տեսագրությունում։
Դրանից հետո նա մյուս ուղևորների հետ փորձել է բացել օդաչուների խցիկի դուռը, սակայն դա հեշտ չի եղել։
«Դանակահարված օդաչուն պարզապես դռանը շատ մոտ է գտնվել, այդ պատճառով մեզ համար դժվար է եղել այն բացել», — պատմել է Հայունը։
Նրա խոսքով՝ վիրավորված օդաչուն, նախքան գիտակցությունը կորցնելը, կարողացել է բացել դուռը։
«Երբ ներս մտա, հարձակվողին տեսա գործիքների վահանակի մոտ՝ երկու նստատեղերի միջև… օդաչուների նստատեղերին ոչ ոք չկար։ Մեկն ընկած էր հատակին, մյուսը՝ գործիքների վահանակի մոտ։ Եվս մեկ տղա ինձ հետ մտել է [օդաչուների խցիկ]։ Ես բռնել եմ հարձակվողին, խեղդող հնարքով սեղմել նրան և առաջին հերթին դուրս բերել խցիկից»,-ասել է նա:
Նրա փոխանցմամբ՝ հարձակվողը «փորձել է ջարդել սարքավորումները՝ օդանավը շարքից հանելու համար»։
Յանիվը պատմել է, որ դիմել է օդանավում գտնվող իսրայելցիներին, որից հետո նրանք միասին «հարձակվողին սեղմել են հատակին, որպեսզի նա չկարողանա դիմադրել»։
Յանիվը նաև բացատրել է, որ «քաշել է օդանավի ղեկը»։
«Դուք քաշե՞լ եք ղեկը», — ճշտել է Նեթանյահուն։
«Ես դիտում եմ «Ավիաաղետների հետաքննություն» հաղորդումը, պարոն վարչապետ: Օդանավը սկսեց հավասարվել, իսկ հետո օդաչուն (հավանաբար խոսքն օդանավում որպես ուղևոր գտնվող հերթափոխային օդաչուներից մեկի մասին է) ինձ ասել է, որ այսուհետ ինքն է ստանձնելու կառավարումը»,-ասել է Յանիվը:
Նեթանյահուն Հայունին անվանել է «հերոս» և հարցրել, թե ինչպես է նրան հաջողվել դա անել։
«Մենք առյուծների ժողովուրդ ենք, այդպես չէ՞», — պատասխանել է ուղևորը։
Նեթանյահուն պատասխանել է, որ իր առջև տեսնում է «մեծ հերոսի», ապա, մատնացույց անելով շապիկի արյան հետքը, հարցրել է. «Վա՜յ, սա նրա՞ արյունն է», ինչին ուղևորը պատասխանել է. «Այո, նրանից է»։
«Այն, ինչ դուք արել եք, պարզապես անհավանական է», — ասել է Նեթանյահուն։
Մեկ այլ ուղևոր՝ Ցվիկա Մենեսը, իսրայելական հանրային Kan հեռարձակողին պատմել է, որ ինքն էլ օգնել է վնասազերծել հարձակվողին, իսկ մյուսները «օգնել են նրան կապել հենց իր պլաստիկ կապիչներով և ականջակալների լարերով»։
«Մյուս օդաչուն, որը գտնվել է ուղևորների սրահում, փոխարինել է երկրորդ օդաչուին, և այդպես նրանք վայրէջք են կատարել», — հավելել է նա։
Ավելի ուշ Flydubai-ի չվերթի ուղևորները պահեստային օդանավով տեղափոխվել են Թել Ավիվ։ Բեն Գուրիոնի օդանավակայանում նրանց դիմավորել են Իսրայելի դրոշներով բազմաթիվ մարդիկ՝ երաժշտությամբ, պարերով և երգերով։
«Փառք Աստծո, ես ողջ եմ: Այս թռիչքի ընթացքում ամենասարսափելի պահն այն է եղել, երբ օդաչուն կորցրել է կառավարումը»։ -լրագրողներին ասել է ուղևորներից մեկը՝ Հայիմ Լազարովիչը։
18-ամյա ուղևոր Օրան Կոհենը կատարվածը նկարագրել է որպես «շատ ծանր պահ»։
«Գուցե ընդամենը հինգ րոպե է տևել, բայց այնպիսի զգացողություն է, կարծես դժոխքի միջով ես անցել։ Ես լսել եմ, թե ինչպես է հետևումս նստած եղբայրս սկսել գոռալ, որ մենք բոլորս զոհվելու ենք», — հավելել է նա։
Իսրայելի շտապօգնության ծառայության աշխատակիցն ավելի ուշ Բի-բի-սիին հայտնել է, որ օդանավում եղած մի քանի մարդիկ «շատ հուզված են եղել և լաց են եղել օդանավից դուրս գալիս»։
Դանակի հարվածներից վիրավորված անձնակազմի հրամանատար, Հնդկաստանի քաղաքացի Սմիթ Մաչհարը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը կայուն է: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայում Հնդկաստանի դեսպանատունը։
Հարձակվողը ձերբակալվել է, Սաուդյան Արաբիայի իշխանությունները հարցաքննել են նրան։