Օրերս հայտնի դարձավ, որ դեռ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Թբիլիսիի պատմական Աբանոտուբանի թաղամասում գտնվող Հեյդար Ալիևի անվան պուրակում դեռ 2007 թվականին տեղադրված Հեյդար Ալիևի կիսանդրին վնասել են։
Այժմ այն ծածկված է սպիտակ կտորով և սպասում է վերանորոգման։ Այս պահին կիսանդրին վնասելու մեղադրանքով կալանավորված է Հայաստանի Հանրապետության 40-ամյա քաղաքացի Ի. Ա.-ն, որը, ըստ հանրային պաշտպանի, այդ օրերին որպես զբոսաշրջիկ է գտնվել Վրաստանում՝ երկիր ժամանելով սեպտեմբերի 20-ին և ձերբակալման պահին պատրաստվում էր մեկնել Վրաստանից։ Նրան ձերբակալել են անմիջապես սահմանին։
Ըստ վրացական լրատվամիջոցներում տեղ գտած որոշ տեղեկությունների՝ Հեյդարի Ալիևի կիսանդրին վնասած անձը, դատելով տեսախցիկի արձանագրած կադրերից, նախ փորձել է իր մոտ եղած պարանով հուշարձանը գետնին գլորել՝ այն տապալելով, բայց դա նրան չի հաջողվել և այդ ժամանակ գործի է դրել իր մոտ եղած մուրճը, որով հարվածել է հուշարձանի դեմքին՝ բարձրանալով հուշարձանի վրա, կոտրել քիթը և վնասել դեմքը։ Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ուրիշի գույքի վնասմանը կամ ոչնչացմանը՝ զգալի վնաս պատճառելով։ Օրենքի այս հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք, հասարակական աշխատանք կամ ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք կամ ազատազրկում՝ մեկից հինգ տարի ժամկետով։ Գործով դատական նախնական լսումները նշանակված են նոյեմբերի 12-ին։ Այս պահին քաղաքացին կալանավորված է 55 օրով՝ ըստ դատարանի որոշման։ Հանրային պաշտպանը նշել է, որ պաշտպանությունը միջնորդել է խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ, և որպես այլընտրանք առաջարկել է նշանակել 5000 լարիի (մոտավորապես 1900 դոլար) չափով գրավ, անձնագրի առգրավում` մինչև կայացվի վերջնական որոշումը, և Վրաստանը լքելու արգելք: Սակայն դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը։ Փաստաբանը պարզաբանել է, որ իր պաշտպանյալն օգտվում է լռելու իրավունքից և հետաքննությանը ցուցմունք չի տալիս։
Կիսանդրին վնասելու մասին տեղեկատվությունը նախ տարածվել էր սոցիալական ցանցերում և հենց ադրբեջանցիներն էին վրդովվել դրանից, և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևն էր նախաձեռնությունն իր ձերքը վերցրել վանդալիզմի մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Նա հայտնել էր, որ անմիջական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և հետամուտ է գործի զարգացմանը։
Կալանավորված քաղաքացու հանրային պաշտպան Թեոնա Պերաձեն նաև տեղեկացրել է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունից անմիջապես հետո քննիչն այդ մասին տեղեկացրել է ՀՀ դեսպանատանը։ Սակայն դիվանագիտական առաքելությունից փաստաբանը դեռ որևէ հարցում չի ստացել։ Պաշտպանն անձամբ է գտել Հայաստանում ձերբակալվածի ընտանիքի տվյալները և կապ հաստատել նրանց հետ ձերբակալման օրը՝ նրանց նաև տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը հագուստի և առաջին անհրաժեշտության այլ իրերի կարիք ունի։ Դիվանագիտական կառույցից միայն տեղեկացրել են, որ իրենք հետևում են ՀՀ քաղաքացու հետ կապված գործի զարգացումներին։
Հայաստանի արտգործնախարարությունից էլ տեղեկացրել են, որ իրենց դեպքի և ՀՀ քաղաքացու ձերբակալման մասին տեղեկացրել են միայն սեպտեմբերի 25-ին՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան միջոցով։ Սակայն գերատեսչությունից դեպքի հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս՝ նախընտրելով պահպանել քար լռություն։ Ճիշտ այնպես, ինչպես Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պետական մակարդակով հողին հավասարեցնելու, պղծելու և յուրացնելու դեպքերում, ինչպես նաև հայ ազգային հերոսների, այդ թվում Վազգեն Սարգսյանի հուշարձանը ադրբեջանցի վանդալիստների կողմից պայթեցնելու դեպքերում։ Արտաքին աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները կարգավորող ու հավասարակշռող այդ գերատեսչության նման չեզոք վերաբերմունքը լուրջ հարցեր է առաջացնում՝ որքանո՞վ է մեզ անհրաժեշտ անդեմ արտգործնախարարոթյուն, որի գործունեության համար պետական բյուջեից հսկայական միջոցներ են ծախսվում և ինչպես երևում է՝ ապարդյուն։
Մենք Ադրբեջանից օրինակ վերցնելու և քաջություն ցուցաբերելու անհրաժեշտություն ունենք որպես պետություն, քանի որ Ադրբեջանը աչալրջորեն հետևողական է իր պետության հետ կապված ցանկացած ոտնձգության դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ինչում եկրչոտություն է ցուցաբերում փաշինյանական իշխանությունը՝ վախենալով գոնե կոշտ պատասխանել Արցախում հայկականության հետքը վերացնելու ադրբեջանական հանդգնությանը և հանցագործությանը։
Վստահ եմ, որ Փաշինյանը, չսպասելով դատական վճռի հրապարակմանը, խստորեն կքննադատի իր սիրելի ընկեր Ալիևի հոր հուշարձանը ենթադրաբար ՀՀ քաղաքացու կողմից վնասելու դեպքը, նրան անգամ կարող է ազգի թշնամի անվանել՝ հայտարարելով, թե այդ քաղաքացին դավադրաբար խաթարում է Փաշինյան-Ալիևը փխրուն խաղաղության գործընթացը ու կհորդորի նրան հոդվածի ամենախիստ դրույթներով դատել՝ հինգ տարի ազատազրկման։ Ավելի հեռուն գնալով՝ կարող ենք ենթադրել, որ ի նշան այսպես կոչված խաղաղության՝ Փաշինյանը ևս վրացիների պես մի ընկերական ու խաղաղասիրական ժեստ կանի ու Հեյդար Ալիևի արձանը նաև Երևանի կենտրոնական հատվածներից մեկու կկանգնեցնի։
Նշենք, որ ադրբեջանական լոբինի շնորհիվ Իլհամ Ալիևին հաջողվել է աշխարհի քսան երկրներում տեղադրել տալ իր սիրասուն հայրիկի արձանը կամ հուշարձանը, և այդ պետություններից մեկն էլ հարևան Վրաստանն է։ Ի դեպ, Ալիևի հոր անվան հետ կապվող հուշրաձանները կամ արձանները ժամանակառժամանակ պղծվում կամ վնասվում են։ Պարզվում է՝ Վրաստանում Հեյդարի դեմ ներկայացված դեպքն առաջինը չէ։ Նույն հուշարձանը մոտ տասը տարի առաջ մեկ անգամ էլ է հարձակման ենթարկվել՝ շատ ավելի լուրջ վնասներ ստանալով, բայց այն շատ արագ վերականգնել են։
Մի շարք երկրներում՝ Մեքսիկայում, Կանադայում, Եգիպտոսում, բողոքի ակցիաներ են կազմակերպվել Հեյդար Ալիևի արձանի տեղադրման կապակցությամբ, ինչի արդյունքում տեղական իշխանությունները դրանք ապամոնտաժել են։ Ռուսաստանի մի շարք քաղաքներում ևս զանգվածային բողոքի ակցիաները հանգեցրել են նրան, որ հուշարձանը տեղադրելու որոշումը վերանայվի։
Թագուհի Ասլանյան