Կառավարությունը համարում է, որ սոցփաթեթը կատարել է իր առջև դրված խնդիրը և կավարտի իր գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սոցիալական փաթեթը կավարտի իր գործունեությունը, քանի որ այն իր առջև դրված խնդիրը կատարել է, հայտարարել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական փաթեթը ներդրվել էր որպես պետական համակարգում այն ժամանակ եղած շատ ցածր վարձատրության կոմպենսացում և փոխհատուցում։
«Մենք գիտենք, որ հատկապես վերջին տարիներին այն բոլոր քաղաքացիները, որոնք ունեին սոցիալական փաթեթ, տարատեսակ բարեփոխումների արդյունքում ունեցել են թե՛ աշխատավարձի բարձրացումներ, թե՛ առողջության ապահովագրության ներդրման շնորհիվ ավելի մեծ հնարավորություններ՝ ծածկելու առողջապահական ծախսերը»,- ասել է Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ այժմ եկել է ժամանակը դադարեցնելու այդ ծառայության մատուցումը քաղաքացիներին։
«Քաղաքացիները, որոնք ունեն հիմա սոցփաթեթ, կշարունակեն տիրապետել իրենց հաշիվներին առկա գումարներին։ Կառավարությունը նաև հատուկ որոշումով կսահմանի դրանց ծախսման ուղղությունները, որոնք, հավանաբար, շատ չեն տարբերվի այսօրվա ուղղություններից», – հայտնել է Թորոսյանը։
Նա նաև նշել է, որ հունվարի 1-ից 200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես կներգրավվեն առողջության ապահովագրության համակարգում։
Անդրադառնալով անապահովության գնահատման նոր համակարգին՝ նախարարը նշել է, որ այն հիմնված է ընտանիքի եկամուտների և կարիքների գնահատման վրա, և այդ բանաձևի արդյունքում որոշվում է՝ ընտանիքը կընդգրկվի՞ նոր համակարգում, թե՞ ոչ։
«Ունենալու ենք ընտանիքներ, որոնք նախկինում չեն ստացել նպաստ, հիմա կստանան, և հակառակը՝ որոնք ստացել են, հիմա չեն ստանա»,- ասել է Թորոսյանը։