Մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, տանը նստած հարստանում են. Փաշինյանը՝ վարձակալության շուկայի մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2026 թվականի օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 5.2 տոկոս է, շատ մեծ տեմպով շարունակում է աճել շինարարությունը, ՀՀ անշարժ գույքի շուկայում շատ մեծ ակտիվություն կա»,- Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ գրեթե ամենօրյա ռեժիմով նամակներ է ստանում քաղաքացիներից, ովքեր ասում են, որ վարձակալության վճարները բարձրացել են. «Դա մեզ համար զուտ սոցիալական առումով մտահոգիչ է, բայց մյուս կողմից այն, որ անշարժ գույքի շուկայում բարձր գներ են, ուզում եմ երկու էֆեկտի անդրադառնալ. այն մարդիկ, ովքեր ունեն սեփական տուն, իրենց տանը նստած՝ ոչինչ չանելով, հարստանում են: Եթե մեկին ասում են՝ միլիարդատեր է, դա չի նշանակում՝ մի հատ սենյակ ունի, մեջը 1 միլիարդ դոլար դասավորած է ու դուռը փակած, դա նշանակում է՝ այն սեփականությունը, որն ինքն ունի՝ ինչ արժի այդ պահին: Պատկերացրեք՝ 2018 թվականին մարդու տունն արժեր 50 հազար դոլար, 2026-ին այդ նույն տունն արժի 100 հազար դոլար, մարդը կրկնակի հարստացել է, բայց ինքը չգիտի դրա մասին կամ չի արձանագրում: Օրինակ, եթե 2018 թվականին որոշեր տունը գրավ դնել և բիզնես սկսելու համար վարկ վերցնել, 2018 թվականին, եթե դրա համար կարող էր վերցնել 30 հազար դոլար, հիմա կարող է վերցնել 60 հազար դոլար»:
Փաշինյանը նշեց, որ ըստ տեղեկությունների՝ Երևանի կենտրոնում 1քմ-ն 8000 դոլարով բնակարաններ են վաճառվել վերջին շրջանում. «Անշարժ գույքի գները կարող են մի երևույթի բերել, որը մեծ հաշվով ցանկալի երևույթ է, որ դեպի Երևան հոսքերը մի քիչ դանդաղեն և այդ թվում՝ բիզնեսները որոշեն իրենց ինքնարժեքը, ծախսերը նվազեցնելու համար կամաց-կամաց Երևանի կենտրոնից դուրս գալ և այդպիսով մարդկային հոսքերը և աշխատատեղերը տեղափոխվեն մարզեր: Վարձավճարից հաճախ բողոքում են նրանք, ովքեր մարզերից եկել են Երևան այստեղ աշխատանք գտնելու, եթե այս էֆեկտը լինի աշխատանքի որոշակի հատվածը հետ տանի մարզեր, կարող է հնարավորություն ստեղծել, որ այդ մարդիկ գնան մարզերում ապրեն»:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանի բնակֆոնդի 90 տոկոսը հնամաշ է. «Ռենովացիայի ծրագիրը հետևյալն է, որ եղած բնակֆոնդի տեղում ներդրումային ծրագրեր են իրականացվում և նոր շենքեր են կառուցվում, Երևանում շատ հրատապ է այս խնդիրը: Ուրիշ միտում ենք տեսնում, որ մարդիկ, ովքեր Հայաստանի հետ շատ ուղիղ կապ կարող են չունենալ, շատ հարմար ներդրում են համարում Երևանում տուն գնելն ու այն վարձով տալը: 8 ամսվա տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր՝ 7.3 տոկոս: Օգոստոսին արտահանման որոշակի աճ ունենք՝ 1.3 տոկոս, ինչը շատ լավ է նախորդող շրջանի իրադարձությունները հաշվի առնելով: Օրեր առաջ ԵՄ-ի կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցի մասին որոշումը մտավ ուժի մեջ, մի շարք ապրանքատեսակներ, մեր արտահանման 85-90 տոկոսը ԵՄ արտոնյալ ռեժիմով արտահանվելու հնարավորություն են ստեղծել՝ առանց մաքսատուրքերի»: