Ներկայում աջակցություն է ստանում 13 սահմանամերձ համայնքների 82 բնակավայր:
Սոցիալական աջակցության ծրագիրը գործում է 2015 թվականից, և օրենքի գործողության ժամկետը երկարաձգվել է երեք անգամ: Գործող օրենքի համաձայն՝ աջակցության գործողության ժամկետը լրանում է 2027 թվականի հունվարի 1–ին։
Այսօրվա որոշմամբ աջակցությունը երկարաձգվեց ևս մեկ տարով, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կիրականացվի ծրագրի արդյունավետության գնահատում՝ ծրագիրը շարունակելու և հետագայում երկարաձգելու անհրաժեշտությունը գնահատելու և հիմնավորելու նպատակով:
Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 82 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ ստանում են էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի վճարների 50 տոկոս փոխհատուցում, ինչպես նաև հողի հարկի ամբողջական փոխհատուցում այն հողամասերից, որոնք գտնվում են սահմանային գոտում և որոնց մշակումը դժվար է:
Նշենք, որ սահմանամերձ որակվող բնակավայրերի հիմնական մասը (Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ) գտնվում է Տավուշի մարզում։