Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳ փոխնախարարի հետ տարբերակներ են քննարկվել

Բաժանորդագրվել

Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը, անդրադարձ է արվել խցանումների հետևանքով արտակարգ իրավիճակներում առաջացող ռիսկերին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik․ Երևանյան խցանումները նվազեցնելու և երթևեկությունը բեռնաթափելու հնարավոր լուծումները քննարկվել են այսօր ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում։ Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, այն վարել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Ընդգծվել է, որ խցանումները ոչ միայն դժվարացնում են քաղաքացիների տեղաշարժը, այլև անդրադառնում են ճանապարհային երթևեկության անվտանգության վրա։

Քննարկվել են խցանումների նվազեցմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ լուծումներ։

Որպես կարճաժամկետ միջոցառում նշվել են երթևեկության կազմակերպման փոփոխությունները, գծանշումների վերանայումը, երկրորդ շարքում և չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման հետևանքով առաջացող խոչընդոտների վերացումն ու այլն։

Երկարաժամկետ լուծումների համատեքստում փոխնախարարը կարևորել է հանրային տրանսպորտի գրավչության բարձրացումը, հանրային տրանսպորտի և հեծանվային երթևեկության համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Անդրադարձ է արվել մայրաքաղաքի մուտքերի մոտ ավտոկայանատեղիների ստեղծմանը։

«Անդրադարձ է կատարվել նաև երթևեկությանը խոչընդոտող խախտումների համար պատասխանատվության խստացմանն ուղղված՝ ՆԳ նախարարության մշակած նախագծին։ Փոխնախարարն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը ոչ թե վարչարարությունն է, այլ խախտումների կանխումը․ պատասխանատվության միջոցները պետք է ունենան բավարար զսպիչ ազդեցություն և նպաստեն վարորդների վարքագծի փոփոխությանը»,- հայտնում են նախարարությունից։

Ներկայացվել են նաև այլընտրանքային տրանսպորտի զարգացմանն ուղղված առաջարկություններ։ Երկարաժամկետ ծրագրերի շարքում ընդգծվել է քաղաքային արդյունավետ պլանավորումը։

Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակներում խցանումների հետևանքով առաջացող հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ տարհանման կազմակերպումը, ճանապարհային ենթակառուցվածքների անխափան գործարկումը։

Leave a comment