Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի Գերմանիա կատարած այցելությունը և Գերմանիայի դաշնային կանցլերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարությունները լայն արձագանք են գտել եվրոպական լրատվամիջոցներում։
Բերլինում ունեցած ելույթում Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է նշանավոր պետական գործիչ և ընդգծել, որ Ղազախստանը չի կարող կտրուկ քայլերի գնալ Մոսկվայի հետ հարաբերություններում։ Որպես հիմնական գործոններ՝ Ղազախստանի ղեկավարը նշել է Ռուսաստանի հետ աշխարհում ամենաերկար ցամաքային սահման ունենալու հանգամանքը, Ղազախստանում բնակվող ավելի քան 2.7 միլիոն ռուսաբնակ քաղաքացիների առկայությունը և Ուղղափառ եկեղեցու գործունեությունը։
Միևնույն ժամանակ, Տոկաևը կոչ է արել անհապաղ սառեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և անցնել դիվանագիտական բանակցությունների՝ ներկայումս երկարատև խաղաղության հաստատումը համարելով ոչ իրատեսական։
Այցի տնտեսական բաղադրիչի շրջանակում Ղազախստանի նախագահը Գերմանիային առաջարկել է խորացնել համագործակցությունը հումքային ոլորտում։ Նա նշել է, որ Եվրոպային անհրաժեշտ 34 բնական ռեսուրսներից 21-ն առկա են Ղազախստանում, և առաջարկել է գերմանական կողմին ոչ միայն գնել հումքը, այլև Ղազախստանի տարածքում հիմնել համատեղ արտադրական ցիկլեր՝ երկրաբանական հետախուզումից մինչև վերամշակում։