Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Նորավանքի խաչմերուկի տարածքում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը, րը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի՝ խնամքի և վերականգնման նպատակով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։25-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացել Վայոց ձորի մարզի՝ տարածքում քաղաքացու հայտնաբերած անօգնական գիշատիչ թռչնի վերաբերյալ։

Տեսուչներն անմիջապես մեկնել են նշված վայր և հայտնաբերել ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։

Տեսչական մարմնից հայտնել են, որ արտաքին զննության արդյունքում թռչնի մոտ որևէ վնասվածք չի հայտնաբերվել։

Նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Տեսչական մարմնի աշխատակիցները վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ անհրաժեշտ խնամքն ու վերականգնումն ապահովելու համար։

Leave a comment