Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի երեխաները՝ 7-ամյա Արչին և 5-ամյա Լիլիբեթը, անգլիական դպրոցներից մեկում հետապնդվել են եվրոպական պապարացիների կողմից։ Այս մասին հայտնել է զույգի պաշտոնական ներկայացուցիչը՝ տեղի ունեցածը որակելով որպես «անհավանական անպատասխանատու ներխուժում» ընտանիքի անձնական կյանք։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արքայազն Հարին, կինը՝ Մեգան Մարկլը, և նրանց երեխաները Կալիֆոռնիայից տեղափոխվել են Մեծ Բրիտանիա։ Ընտանիքը փորձել է գաղտնի պահել նոր բնակության վայրն ու երեխաների դպրոցի հասցեն։ Ավելին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ երեխաներն արդեն մեկ անգամ փոխել էին դպրոցը։
Ըստ ներկայացուցչի՝ լուսանկարիչները շրջել են դպրոցի տարածքի շուրջբոլորը, փորձել նայել ներս և հետևել երեխաներին։ «Որոշ եվրոպական պապարացիներ, թվում է, ցանկություն չունեն հարգելու դպրոցում գտնվող երեխաների անձնական կյանքը»,- նշված է հայտարարության մեջ։
42-ամյա արքայազն Հարին, ով տարիներ շարունակ լրատվամիջոցներին է մեղադրել 1997 թվականին պապարացիներից փախչելու ընթացքում մոր՝ արքայադուստր Դիանայի ողբերգական մահվան համար, խիստ վերահսկում է իր ընտանիքի անվտանգությունը։ Զույգն ունի անձնական թիկնազոր, սակայն շարունակում է բրիտանական իշխանություններից պահանջել տրամադրել ոստիկանական պաշտոնական պաշտպանություն, ինչպես արքայական ընտանիքի մյուս ավագ անդամների դեպքում։