ՄԹ-ն կարող է վերադառնալ Եվրոպական միություն․ Ֆրանսիայի նախագահ

Միացյալ Թագավորությունը կարող է վերադառնալ Եվրոպական միություն, երեքշաբթի օրը Փարիզի Սորբոնի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնի խոսքով՝ Մեծ Բրիտանիան կարող է տեղ զբաղեցնել «բարեփոխված և պարզեցված» Եվրոպական միությունում։ «Մի քանի տարի անց, եթե ցանկանա, Բրիտանիան կարող է վերադառնալ», – հստակեցրել է նա։

Մակրոնը նաև առաջարկել է անվտանգության աճող ռիսկերի ֆոնին ներդնել Եվրոպական միության բոլոր քաղաքացիների համար նախատեսված միասնական նույնականացման քարտ, ստեղծել պաշտպանության ընդհանուր բյուջե և ձևավորել միասնական եվրոպական բանակ։ Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է «ընդհանուր ռազմավարական մշակույթ»՝ միջազգային ասպարեզում դաշինքի դերն ամրապնդելու համար։ «Միասին գործելու մեր անկարողությունը խաթարում է որպես եվրոպացիներ մեր վստահելիությունը», – ընդգծել է նա՝ ներկայացնելով ԵՄ բարեփոխումների վերաբերյալ զեկույցը։

Ելիսեյան պալատի ղեկավարն ընդգծել է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է սահմանային արդյունավետ ծառայություն՝ անօրինական միգրանտների հոսքը զսպելու համար։ Մակրոնը մատնանշել է եվրոպական հետախուզական ակադեմիա, եվրոպական հակաահաբեկչական գործակալություն և քաղաքացիական պաշտպանության միացյալ ուժեր ստեղծելու անհրաժեշտությունը։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ առաջարկել է, որպեսզի ԵՄ գործընկեր երկրները դաշինքի հավաքական անվտանգությունն ամրապնդելու նպատակով փոխանակեն զինվորական անձնակազմ։

Leave a comment