Բջջային հեռախոսների IMEI (International Mobile Equipment Identity) կոդերի գրանցման միասնական համակարգ ներդնելու մասին օրենքի նախագիծը, որը Կառավարությունը հաստատել էր հունիսին, կլրամշակվի։ Կառավարությունը մտադիր է երկու ամսվա ընթացքում Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել փաստաթղթի առավել լրամշակված ու վերջնական տարբերակը։
Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը։
«Թույլ տվեք բացատրել, թե ինչու ենք հետաձգում նախագիծը։ Հիմնական խնդիրը, որը Կառավարությունը ցանկանում է լուծել այս նախաձեռնությամբ, ստվերային տնտեսության դեմ պայքարն է։ Այլ կերպ ասած՝ մենք ֆիսկալ խնդիր լուծելու անհրաժեշտություն ենք տեսնում»,- նշել է նախարարը։
Թադևոսյանի փոխանցմամբ՝ օրենքի նախագծում անհրաժեշտ է առավել հստակ սահմանել կիրառվող հասկացություններն ու կարգավորման տեխնիկական կողմերը։ Նա նշել է, որ հաշվի է առնվելու պատգամավորների դիտողությունները։
Նախարարը ներկայացրել է նաև նախաձեռնության հիմնական հայեցակարգը։ Նախատեսվում է ստեղծել կազմակերպություն՝ բջջային օպերատորների մասնակցությամբ, որը կվարի հեռախոսների IMEI կոդերի տվյալների բազան։ Այս կոդերը հնարավորություն կտան նույնականացնել սարքերը և առանձնացնել օրինական ճանապարհով ներկրված հեռախոսները։ Թադևոսյանը շեշտել է, որ հնարավոր սահմանափակումների կիրառման պայմանները դեռևս լրացուցիչ հստակեցման կարիք ունեն։