Հայաստան–ԱՄՆ կարևորագույն հանքանյութերի հուշագրի իրականացման գործնական փուլն է մեկնարկում

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Փոլ Հյուպերը Հայաստանում հանդիպումներ է ունեցել պետական, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հանքարդյունաբերության ոլորտի կարիքները և ամերիկյան տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները։

«Միացյալ Նահանգներն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում պայմանավորվածություններից անցնում են գործնական քայլերի՝ առաջ մղելով ԱՄՆ-Հայաստան կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։

ԱՄՆ պետքարտուղարության տնտեսական, էներգետիկ և գործարար հարցերի բյուրոյի էներգետիկ մատակարարման շղթաների գրասենյակի տնօրեն Փոլ Հյուպերը հանդիպեց Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կարիքներին ու հնարավորություններին ծանոթանալու և ԱՄՆ տեխնիկական աջակցության հնարավոր ուղղությունները քննարկելու նպատակով։

Միասին մենք ձևավորում ենք կարևորագույն հանքանյութերի հուսալի և դիվերսիֆիկացված մատակարարման շղթաներ՝ նպաստելով բարեկեցությանը և ամրապնդելով ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերությունը»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ 2026 թվականի մայիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում ստորագրեցին կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր։ Փաստաթղթով նախատեսվում է համագործակցություն ներդրումների, հանքանյութերի արդյունահանման ու մշակման, երկրաբանական քարտեզագրման, տեխնոլոգիաների փոխանցման և Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության կարողությունների զարգացման ուղղություններով։

Leave a comment