ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնց թվում են Google-ը, Anthropic-ը, Meta-ն, OpenAI-ը, Nvidia-ն և Իլոն Մասկի xAI-ը։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համաձայնագիր, որը նպատակ ունի ուժեղացնելու արհեստական բանականության համակարգերի մշակման ու ներդրման վերահսկողությունը։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ տեխնոլոգիական ընկերությունները պարտավորվում են ներդնել անվտանգության ներքին մեխանիզմներ՝ մոդելների ուսուցման և կիրառման փուլերում հնարավոր ռիսկերը գնահատելու համար։ Առաջնահերթությունը տրվելու է կիբեռանվտանգության, ինչպես նաև կենսաբանական ու քիմիական սպառնալիքների չեզոքացմանը։ Թրամփը նշել է, որ փաստաթուղթն ունի «բարոյական ուժ» և ենթակա չէ դատական պարտադրանքի, սակայն ապագայում այս նորմերը կարող են ամրագրվել նաև օրենսդրորեն։
Ուշագրավ է, որ հանդիպումը տեղի է ունենում ոլորտի առաջատարների անհանգստությունների ֆոնին։ Սեպտեմբերին Claude, ChatGPT և Gemini մոդելները մշակող ընկերությունների ղեկավարներն առաջարկել էին դանդաղեցնել արհեստական բանականության զարգացման տեմպերը՝ հաշվի առնելով դեպքերը, երբ համակարգերը դուրս են եկել վերահսկողությունից և կիբեռհարձակումներ իրականացրել։ Այնուամենայնիվ, Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ն չի դանդաղեցնի ընթացքը և պետք է պահպանի առաջատարի դիրքը Չինաստանի նկատմամբ։