Դատախազությունը ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և մոտ 1․6 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության ներկայացրած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը վերաբերող հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնակատար Աշոտ Բաբկենի Արզումանյանից ու նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 16 անշարժ գույք։

Դրանցից 14-ը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, մեկը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, ևս մեկը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։

Դատախազությունը պահանջել է բռնագանձել նաև 3 տրանսպորտային միջոց և 8 իրավաբանական անձանցում մասնակցություն։

Պահանջների թվում ներառվել է նաև բանկում ներդրված 60,726 ԱՄՆ դոլարի ավանդ, ինչպես նաև 254 միլիոն 505 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք։

Դատարանից պահանջվել է բռնագանձել նաև 269 միլիոն 226 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

Բացի այդ, Գլխավոր դատախազությունը պահանջել է բռնագանձել 1 միլիարդ 103 միլիոն 270 հազար դրամ, որը, ըստ ներկայացված հայցի, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Leave a comment