Կրեմլի ներկայացուցիչը մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցի հրապարակումը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կտրականապես հերքում է երկրում քաղբանտարկյալների առկայությունը, ըստ այդմ՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց նրանց ազատ արձակելու հարց չի քննարկվել ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ո՛չ, չի քննարկվել։ Նման ձևակերպմամբ չէր էլ կարող քննարկվել, որովհետև մենք կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը և կարծում ենք, որ նման հարցադրումը բացարձակապես անտեղի է։ Ինչ վերաբերում է տարբեր փոխանակումներին, որոնք տեղի են ունեցել մինչ այդ, ապա մեր հատուկ ծառայությունները այդ ուղղությամբ շարունակում են կանոնավոր շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ–ի հետ քննարկվել է պատժամիջոցների մեղմացման հարցը։
Ավելի վաղ «The Atlantic»–ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման՝ մեղմացնելով հակառուսական պատժամիջոցները: Պարբերականի տեղեկություններով` պլանը ենթադրում է փոխադարձ գործարք՝ Կրեմլը ազատ կարձակի որոշ «քաղաքական բանտարկյալների», իսկ ԱՄՆ-ն ի պատասխան կմեղմի պատժամիջոցները: