ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանիներում հայտնաբերել է 819 գրամ մեֆեդրոն և շուրջ 250 գրամ սինթետիկ թմրամիջոց։ Դեպքերի առնչությամբ մեկ Ուկրաինայի և մեկ Հայաստանի քաղաքացի ձերբակալվել ու կալանավորվել են։ Վերջին մեկ ամսում առաքանիներից հայտնաբերվել են նաև մարիխուանա, կոկաին, մետամֆետամին, ՄԴՄԱ, հաշիշի յուղ և կարֆենտանիլ։

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է վերլուծական գործիքների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով պայքարը ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ թմրամիջոցներ տեղափոխելու դեպքերի բացահայտման ուղղությամբ։

Այսպես, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ «Կարգո» բեռնային համալիրում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունների  աշխատակիցները  մաքսային զննման են ենթարկել ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում  առկա սեղանի փաթեթավորման տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր 819 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց։ Պարզվել է, որ առաքանին Հայաստանում  պետք է ստանա Ուկրաինայի քաղաքացի Մ․Տ․-ն, ով նույն օրը ժամանել էր ՀՀ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Մ․Տ․-ն ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Բացի այդ, մաքսային զննման է ենթարկվել նաև ՀՀ տեղափոխված միջազգային սուրհանդակային առաքանին, որում առկա բարձրախոսի կազմաքանդման արդյունքում հայտնաբերվել է շուրջ 250 գրամ ՄԴՄԲ-022 տեսակի սինթետիկ թմրամիջոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, հիշյալ թմրամիջոցի մաքսանենգություն կատարող անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ա․Պ․-ն: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Թմրամիջոցների տեղափոխման տվյալ դեպքերի հայտնաբերումը կատարվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխակիցների վերլուծության, ճշգրիտ թիրախավորման և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։

Այս բացահայտումներից բացի, վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային փոխադրումներ իրականացնող  կազմակերպությունների միջոցով ՀՀ փոխադրված առաքանիներից հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել մաքսանենգ ճանապարհով, հնարամիտ եղանակով տարբեր առարկաների մեջ թաքցված տարբեր տեսակի թմրամիջոցներ: Մասնավորապե, հայտնաբերվել են շուրջ 1800 գրամ մարիխուանա, 210 գրամ կոկաին, 285 գրամ մետամֆետամին, 58 գրամ ՄԴՄԱ և 114 գրամ հաշիշի յուղ տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև կարֆենտանիլ տեսակի թմրամիջոց, որը շուրջ 100 անգամ ավելի հզոր թմրամիջոց է քան ֆենտանիլը։

Այս դեպքերին առնչվող նախապատրաստված նյութերը համապատասխան հաղորդմամբ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքար վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանցանք կատարած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment