Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ

Դուբայից Թել Ավիվ ուղևորվող, սակայն Սաուդյան Արաբիայում վթարային վայրէջք կատարած Flydubai-ի ինքնաթիռի ուղևորուհին իսրայելական Channel 12-ին պատմել է սարսափելի տեսարանների մասին։

«Ինքնաթիռում ճիչեր լսեցինք։ Հետո բացեցին օդաչուների խցիկի դուռը, և մենք արյուն տեսանք. պարզվեց՝ ինչ-որ մեկը գրպանի դանակով հարվածել էր օդաչուին», – հաղորդել է անանուն կինը հեռուստաալիքին՝ տեքստային հաղորդագրության միջոցով։

Այս պահին պաշտոնական տեղեկությունները շատ սակավ են, սակայն ենթադրվում է, որ երկու օդաչուների միջև բռնի բախում է տեղի ունեցել։

Կինը պատմել է, որ իսրայելցի ուղևորներն անձնակազմի անդամների հետ միասին օգնել են վնասազերծել հարձակվողին։ «Մենք աղոթում էինք․ եղան նաև պահեր, երբ մտածում էինք, որ ողջ դուրս չենք գա»,- ասել է նա։

Մեկ այլ կին, որը ներկայացել է որպես Նոամ, հեռախոսազրույցի ընթացքում լրատվամիջոցին պատմել է. «Ինքնաթիռում ճիչեր սկսվեցի այն ուղևորների կողմից, ովքեր հասկացել էին, թե ինչ էր տեղի ունենում։ Մենք հասկանում ենք, որ օդաչուներից մեկը դանակահարվել էր և ծանր վիրավորվել, և նրանք կորցրել էին ինքնաթիռի կառավարումը։ Այն սկսեց արագորեն վայր ընկնել։ Շատ սարսափելի էր»։

Իսրայելական ԶԼՄ-ների  հաղորդմամբ՝ արտակարգ իրավիճակի ազդանշանները փոխանցվել են այն բանից հետո, երբ երկու օդաչուները՝ ենթադրաբար ռուս հիմնական օդաչուն և ուկրաինացի երկրորդ օդաչուն, բռնի վիճաբանության մեջ են մտել։ Ներկայում ուսումնասիրվում է, թե արդյոք օդաչուների միջև օդաչուների խցիկում դանակահարության դեպք է տեղի ունեցել։

Հաղորդվում է, որ Flydubai-ի գլխավոր գործադիր տնօրենը Իսրայելի տրանսպորտային ոլորտի պաշտոնյաներին հայտնել է, որ մեկ այլ ինքնաթիռ Դուբայից կմեկնի Սաուդյան Արաբիա, այնուհետև կշարունակի թռիչքը դեպի Իսրայել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ օդաչուներից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը, սակայն երկրորդ օդաչուին՝ ուղևորների օգնությամբ, հաջողվել է կանխել նրա գործողությունը։

Հաղորդվում է, որ օդաչուներից մեկը դանակահարել է մյուսին, կռիվ է սկսվել։ Դանակահարած օդաչուն փորձել է ստանձնել ինքնաթիռի կառավարումը՝ այն կործանելու նպատակով։ Ինքնաթիռում սկսվել է պայքար, և այդ պահին օդանավը կտրուկ իջել է 4000 մետրով՝ հայտնվելով կործանման վտանգի տակ։ Իսրայելցի ուղևորներին հաջողվել է ներխուժել օդաչուների խցիկ, վնասազերծել երկրորդ օդաչուին և կանխել ինքնաթիռի կործանումը։ Ինքնաթիռում եղել է օդաչուների լրացուցիչ անձնակազմ, որի անդամներն էլ ստանձնել են օդանավի կառավարումն ու կայունացրել այն։

 

 

Leave a comment