Երուսաղեմի հայկական թաղամասերում իսրայելցի ծայրահեղականների կողմից շարունակվում է հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքների պղծումը։
Երուսաղեմաբնակ Պետիկ Կիրակոսյանը MediaHub-ին ասաց, որ անգամ փորձել են միզել եկեղեցու պատերի տակ, իսկ անցնող-դարձողները պարբերաբար թքում են եկեղեցու ուղղությամբ։
Իրավիճակը պարբերաբար լարվում է։ Խոսքը հիմնականում Սուրբ Հակոբյանց վանքի մասին է, որը գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում և Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության գլխավոր հոգևոր կենտրոնն է։
«Վերջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին․ տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է հրեա տղամարդը փորձում միզել Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ։ Հայ պահակը միջամտել է և հեռացրել նրան։ Նախորդ օրը 9 տարեկան հայ երեխայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել։ Բարեբախտաբար ես ու նրա հայրը հեռու չենք եղել, արագ մոտեցել ենք, երեխան շատ վատ վիճակի մեջ էր, տեղափոխել ենք հիվանդանոց։ Հաջորդ օրը իմացանք, որ ոստիկանությունը փակել է գործը։ Միջամտելուց հետո՝ ոստիկանությունը նորից ընթացք է տվել 22 տարեկան հրեա երիտասարդի գործին։ Երեխան հիմա լավ է»,- ասաց Պետիկ Կիրակոսյանը։
Նա նաև փոխանցեց, որ Երուսաղեմում ապրող հայերը համախմբված հերթապահություն են իրականացնում ինչպես հայկական ժառանգության պահպանման, այնպես էլ «Կովերու պարտեզ»-ի տարածքում։