Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարել է, որ կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ և, անհրաժեշտության դեպքում, պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառի։
«Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։
Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 29-ին Հանրային հեռուստաընկերությունն ընդունել է, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր և ամբողջությամբ ընդունել է «դրա պատասխանատվությունը», ներողություն խնդրել։ Այդ մասին ասվում է ընկերության պարզաբանման մեջ:
Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանի համերգը: Ինքը Թաթան այդ օրով իր «համերգի ցուցադրումը Հ1-ով արդարացում չունեցող կոպիտ սխալ է» անվանել և ներողություն է խնդրել: Նա նաև տեղեկացրել է, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու: