Երևանի քրեական դատարանը գրող, սցենարիստ և դերասան Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական հսկողություն է կիրառել: Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Սահակյանին արգելել են սոցցանցերում հրապարակային գրառումներ կատարել: Դատարանը մասնակիորեն բավարարել է քննիչի միջնորդությունը
«Բացառություն սահմանվեց միայն աշխատանքային բնույթի գրառումների համար, այսինքն միայն թատերական գործունեության հետ կապված հրապարակումներն են թույլատրված»,- ասնել է փաստաբանը։
Սահակյանի գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու հատկանիշներով, ինչի հետ պաշտպանական կողմը համաձայն չէ։
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է: Գրառումն արվել է 2025 թվականի հունվարի 8-ին:
«2026 թվականի սեպտեմբերի 1-ին ստացված փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ Վ.Ս.-ի հրապարակումը պարունակում է ատելություն:
Սեպտեմբերի 29-ին Վ.Ս.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):
Նա ձերբակալվել է»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: