Ընտրություններից հետո ակնհայտ էր՝ Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․

«Հիմա ում էլ ձերբակալեն, զարմանալի չէ, որովհետև սրա մասին գոնե ես խոսել եմ նախքան ընտրությունները տարբեր հեռուստաալիքների հետ հարցազրույցներում։

Քաղաքական գիտությունները, ինչպես շատերն են կարծում գուշակելու մասին չեն։ Քաղաքագիտությունն հստակ գիտություն է, որը շարունակում է ի արձագանք աշխարհի փոփոխությունների, ձևավորել նոր տեսություններ` մեկնաբանելու առկա երևույթները։

Ընտրություններից հետո ակնհայտ էր, որ Հայաստանում հիբրիդային վարչակարգը (անցման ժողովրդավարական) ստանում է ավտորիտարացման բնույթ, ինչը և տեղի է ունենում։ Հաշվի առնենք, որ աշխարհում ո’չ մի ժամանակակից ավտորիտար պետություն երբեք չի ընդունում իր ավտորիտար կամ բռնապետական բնույթը։ Եթե լսեք Ալիևին, ապա Ադրբեջանը աշխարհի ամենաժողովրդական պետությունն է, հետևաբար կարիք չկա իշխանությանն հարցնել, թե արդյո՞ք ինքը ավտորիտար ռեժիմ հաստատել։

Ավելին ասեմ` ժամանակի ընթացքում ավելի կոշտ է զգացվելու ավտորիտարիզմը։ Պատճառներից մեկն այն է, որ իշխանություններն այլևս չեն կարող հանրային կոնսենսուս ձևավորել գոնե ամենաառաջնահերթ և կենսական հարցերում։ Մյուս կողմից` ընդդիմությունը ևս չի կարող տիրապետել ընդդիմադիր հատվածին իր ամբողջության մեջ, ինչը կառաջացնի նոր բևեռների ձևավորման հավանականություն, որոնք կլինեն առավել ագրեսիվ և նախաձեռնողական։

Վակուումի պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական ընդդիմությունը չի կարող առաջիկայում ստանալ դոմինանտություն և հավակնել իշխանափոխության։

Խորհրդարանական ընտրություններից հետո հատկապես առաջատար ընդդիմադիր ուժի քաղաքական մարտավարությունը լայն առումով իրենից վանել է նաև իր նախկին համակիրների մի հատվածի (առօրյա շփումների, հարցումների տպավորություն), ինչը այլևս ակտուալ չի դարձնում նաև ստացած քվեների քանակը։

Ահա այսպիսի ձևավորված կոնֆիգուրացիան իշխանություններին դարձնելու է առավել ագրեսիվ, ընդգծված ավտորիտար մեթոդներով, որի նպատակը ապագայում ագրեսիվ երրորդ ուժի բացառումն է։

Պայմանական «երրորդ ուժը» ո’չ թե պարտադիր նոր քաղաքական միավոր է, այլ նոր ռազմավարություն և նոր մարտավարություն»։

Leave a comment