ՀՌՀ-ն կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն

Քաղաքականություն

29.09.2026 | 21:19

ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման վերաբերյալ՝ նշելով, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և, անհրաժեշտության դեպքում, պատասխանատուների նկատմամբ համապատասխան միջոցներ կկիրառի։

«Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու 6-րդ տարելիցին, Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակել է Թաթա Սիմոնյանի համերգի տեսագրությունը։ Այս փաստը հնչեղ արձագանք է գտել հանրության մեջ և արժանացել արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի։

Հանրային հեռուստաընկերությունը հաջորդ օրը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ, ընդունել իր սխալը և ներողություն խնդրել հանրությունից։

Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»։

Հիշեցնենք՝ նախօրեին «Առաջին ալիքը» հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և իրենք ամբողջությամբ ընդունում են դրա պատասխանատվությունը։

Երգիչ Թաթա Սիմոնյանը ևս անդրադարձել էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ իր համերգի ցուցադրմանը՝ նշելով, որ դա անթույլատրելի էր։

Leave a comment