Հոկտեմբերի 25-ին կայանալիք Ջերմուկ համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Վահագն Արսենյանը։
«Ջերմուկ գրուպ» ընկերության հիմնադիր նախագահ և ՀՀԿ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, ներկայում զբաղեցնում է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, գրում է Aysor.am-ը:
Ավելի վաղ Արսենյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ որոշելով շարունակել աշխատանքը մարզպետի պաշտոնում։
«Հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ»,- գրել էր Արսենյանը:
Վահագն Արսենյանը նախկինում չորս տարի զբաղեցրել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը։
2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսենյանը նշանակվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերին անցկացված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրել է նրա թեկնածությունը։ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին կառավարության որոշմամբ Արսենյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։