Թուրքական իշխանությունները նոր քայլեր են ձեռնարկել Բուրսայի Յըլդըրըմ գավառում գտնվող հայկական պատմական եկեղեցին մշակույթի կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Եկեղեցուն կից շինությունը պետականացվել է՝ մշակույթի կենտրոնին կցելու նպատակով։
Այդ մասին, www.akunq.net–ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական տեղական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ Յըլդըրըմի քաղաքապետարանը նպատակադրվել է պատմական եկեղեցին վերածել մշակույթի կենտրոնի և եկեղեցուն շուրջը գտնվող այլ շինությունները ևս ընդգրկել այդ նախագծի մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքների շրջանում իր մեծությամբ 4-րդ տեղը զբաղեցնող Բուրսայում, նախքան Հայոց ցեղասպանությունը, մեծ թվով հայեր էին բնակվում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 1912 թ․ այստեղ ապրել են 14 հազարից ավելի հայեր։ Մինչև 1915 թվականը Բուրսայում և հարակից գավառներում կային 17-ից ավելի հայկական եկեղեցիներ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Հրեշտակապետ, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադեոս- Բարդուղիմեոս, Սուրբ Հակոբ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Կարապետ և այլն։
Թարգմանեց Մելինե Անումյանը