Բոդհանա Սիվանանդանը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ կին գրոսմայստերը

11-ամյա բրիտանացի շախմատիստուհի Բոդհանա Սիվանանդանը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ կին գրոսմայստերը։

Ինչպես հաստատել է Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE), Սիվանանդանին հաջողվել է կատարել տիտղոսի համար անհրաժեշտ վերջին նորման։ Նա հանդես է եկել Անգլիայի հավաքականի կազմում անցկացված Շախմատային 46-րդ օլիմպիադային (Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք)։

Լոնդոնի հյուսիսարևմտյան հատվածից այս դպրոցականն արդեն իսկ դարձել էր Մեծ Բրիտանիայի շախմատի ամենաերիտասարդ չեմպիոնը և ամենաերիտասարդ մարզիկը, ով երբևէ ներկայացրել է Անգլիան միջազգային մրցումներում՝ անկախ մարզաձևից։

Սամարղանդի օլիմպիադայում Սիվանանդանը մասնակցել է բոլոր 11 տուրերին՝ խաղալով Անգլիայի հավաքականի առաջին խաղատախտակի վրա. սա նշանակում է, որ նա մրցել է ամենաուժեղ մրցակիցների դեմ՝ կատարելով մի դեր, որը սովորաբար վերապահված է թիմի առաջատար խաղացողին։ Նա մրցաշարն ավարտել է ութ միավորով (վեց հաղթանակ, չորս ոչ-ոքի և մեկ պարտություն)։

Դրանից առաջ նա արդեն իսկ հասել էր կին գրոսմայստերի կոչման համար պահանջվող 2300 վարկանիշին։ «Շատ ուրախ եմ, որ հասա սրան, բայց ցանկանում եմ առաջ գնալ և նոր պատմական նվաճումներ գրանցել՝ չսահմանափակվելով միայն սրանով», – ասել է Սիվանանդանը FIDE-ին տված հարցազրույցում։

Leave a comment