«Հայաքվեն» 3 դիմում-բողոք է հղել միջազգային գործընկերներին (PAN.am)

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը 3 առանձին դիմում-բողոք է ներկայացրել միջազգային գործընկերներին՝ բարձրացնելով Արցախի հայկական ժառանգության և տեղահանված բնակչության իրավունքներին վերաբերող հարցեր։

Դրանք առնչվել են Ադրբեջանի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ՝ Արցախի տարածքներում սեպտեմբերին կազմակերպված դիվանագիտական այցին։

Դիմումներն ուղղվել են Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությանը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Ադրբեջանի հարցերով պատասխանատու ստորաբաժանմանը։

Երեք դիմումներում «ՀայաՔվե»-ն առանձնացրել է նույն հիմնական մտահոգությունը․ Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ կազմակերպված նման այցերը չպետք է վերածվեն Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, հայկական մշակութային ժառանգության կեղծ վերագրման և Արցախի տեղահանված հայ բնակչության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացման գործիքի։

«Միջազգային գործընկերներից ակնկալում ենք՝ հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական, տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը՝ Արցախում իրականացվող հոգևոր-մշակութային խեղաթյուրման քաղաքականության լեգիտիմացումից, հստակ դիրքորոշում հայտնել Արցախի հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանության և ինքնության վերաբերյալ, աջակցել անկախ միջազգային, այդ թվում՝ UNESCO-ի առաքելության անարգել մուտքին Արցախ՝ հայկական ժառանգության իրավիճակը գնահատելու և փաստագրելու նպատակով, և միջազգային հարթակներում պաշտպանել Արցախի բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի իրավունքը։

«Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային գործընկերների և համապատասխան կառույցների առջև՝ անկախ նրանից, թե ինչ ձևաչափով են կազմակերպվում նման նախաձեռնությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, թե 2020-ի պատերազմից հետո Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, որմնանկարներ և այլ մշակութային արժեքներ՝ «գողության» մեջ մեղադրելով հայերին: Նա հավելել է, որ դրանց վերաբերյալ որոշ տեղեկություններ ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։ Բաքուն միաժամանակ շարունակում է Դադիվանքն ու Գանձասարը ներկայացնել որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։

Leave a comment