Հասարակություն
29.09.2026 | 14:24
Հայաստանում թե՛ գործնականում, թե՛ օրենսդրական մակարդակում գենդերային հավասարության և ընտանեկան հոգսերը կիսելու հարցում զգալի դրական տեղաշարժեր կան, սակայն բնապահպանական կայուն առաջընթացի գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ էկոլոգիական կրթության ու մասնագիտական գիտելիքների պակասը։ Այս մասին «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP 17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար Օլիմպիա Գեղամյանը։
Անդրադառնալով ընտանիքում և հասարակությունում դերերի բաշխմանը՝ Գեղամյանն ընդգծեց, որ վերջին տարիներին նկատելի են ողջունելի փոփոխություններ։
«Ես երիտասարդ ընտանիքներին նայելիս հիանում եմ. տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների մեծացման գործում՝ գիշերները չքնելուց սկսած մինչև օրենսդրական նոր կարգավորումներով հետծննդաբերական արձակուրդից օգտվելը՝ կնոջն օգնելու նպատակով։ Մենք դրական տեղաշարժեր ունենք և՛ պրակտիկայում, և՛ օրենսդրությունում»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Գեղամյանը նշեց, որ նույնիսկ խորհրդարանում կամ կառավարությունում գենդերային ներկայացվածության հարցը լուծելու պարագայում առաջնային է մնում էկոլոգիական գիտելիքների բացը։ Ըստ նրա՝ իրավաբանական ֆակուլտետներում ուսանողները գերադասում են քրեական կամ քաղաքացիական իրավունքը, իսկ էկոլոգիական իրավունքի մասնագետների խիստ դեֆիցիտ կա։
ԵՊՀ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ COP 17 գագաթնաժողովին ընդառաջ ԵՊՀ-ն կոալիցիա է ձևավորել հայաստանյան 14 բուհերի հետ՝ նպատակ ունենալով զարգացնել ուսանողների ու մասնագետների կարողությունները․ նախատեսվում են միջազգային կոնֆերանսներ (այդ թվում՝ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսորների մասնակցությամբ) և վերապատրաստման ծրագրեր։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան