Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ակնկալում է երեքշաբթի Միացյալ Նահանգներից ստանալ պաշտոնական պատասխան՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ Թեհրանի առաջարկին: Այս մասին հայտնում են պետական ​​լրատվամիջոցները։

«Կատարցի միջնորդները գաղափարներ ներկայացրին, և մենք դրանք քննարկեցինք. նրանք պատրաստվում են ևս մեկ անգամ այդ հարցը բարձրացնել ամերիկյան կողմի մոտ, ինչից հետո ԱՄՆ-ի վերջնական պատասխանը կփոխանցվի մեզ»,- երկուշաբթի ուշ երեկոյան ասել է Արաղչին։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որը Նյու Յորքում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով, նշել է, որ «կատարցիները հույս ունեն, որ դա կիրականացվի մինչև վաղը»։

«Այս պահին ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է բացառապես Հորմուզի նեղուցի վրա, և նեղուցի վերաբացումը կախված է որոշակի պայմանների կատարումից, որոնց մասին մենք տեղեկացրել ենք մյուս կողմին»,- հավելել է նա։

Հորմուզի նեղուցը գտնվում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կենտրոնում, որը սկսվել է փետրվարի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածներից հետո։ Մինչև պատերազմի սկսվելը այս ծովային երթուղով փոխադրվում էր աշխարհում արդյունահանվող նավթի և հեղուկ բնական գազի  մեկ հինգերորդը։

Սակայն պատերազմի սկսվելուց հետո Թեհրանը շրջափակել է  Հորմուզի նեղուցը, ինչին Վաշինգտոնը պատասխանել է իր հերթին՝ շրջափակելով իրանական նավահանգիստները։

Անցյալ շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են անցկացվել Արաղչիի և ԱՄՆ-ի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի ու Ջարեդ Քուշների միջև։

Որպես շրջափակումը դադարեցնելու նախապայման՝ Իրանը պահանջում է յոթօրյա հրադադար Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Լիբանանում, որտեղ նրա դաշնակից «Հըզբոլլահը» մարտեր է մղում իսրայելական ուժերի դեմ։ Նաև պահանջում է ապասառեցնել արտերկրում գտնվող իրանական ակտիվները, վերացնել նավթային ոլորտի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և դադարեցնել ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը երեքշաբթի հայտարարել է, որ եթե երաշխավորված չլինի իր երկրի անվտանգությունը, ապա տարածաշրջանում ոչ մի ենթակառուցվածք ապահովագրված չի լինի հարձակումներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment