Փոխվարչապետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի զարգացումը (PAN.am)

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին, քննարկել ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներկայությունն ընդլայնելու հնարավորությունների վերաբերյալ։

Փոխվարչապետը ողջունել և նշանակման կապակցությամբ շնորհավորել է դեսպանին՝ հաջողություններ մաղթելով նրա կարևոր աշխատանքում։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանի համար Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության նշանակությունը և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի այդ գործընկերության հետագա խորացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առևտրատնտեսական հարաբերություններն առավել ակտիվացնելու հնարավորությունները։ Այս համատեքստում երկուստեք կարևորել են ԵՄ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների ընդունումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

Leave a comment