Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։ Հատուկ ուշադրության է արժանացել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը։ Անդրադարձ է կատարվել նման դեպքերի կանխարգելման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և հասարակությունում ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը։
Հանդիպման բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը, ինչպես նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Քննարկման մասնակիցներն անդրադարձել են վերարտադրողական առողջության իրավունքի ապահովմանը, ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև մարդու իրավունքների և բժշկական էթիկայի միջև գոյություն ունեցող փոխկապվածությանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային նվիրված` «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։
Դրանից հետո անցկացվել է «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով պանելային քննարկում, որը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։
Պանելային քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը և «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերարտադրողական առողջության ոլորտում կանանց իրավունքներն արդյունավետ պաշտպանելու համար անհրաժեշտ է ոչ միայն համապատասխան իրավական երաշխիքների ապահովում, այլև հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերի հաղթահարում և այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր կին հնարավորություն կունենա իրացնելու իր իրավունքները՝ առանց խտրականության և իր իրավունքներին անհարկի միջամտության։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշել է, որ վերարտադրողական առողջության իրավունքին վերաբերող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայմաններից մեկն է։
Քննարկմանը մասնակցություն են ունեցել նաև բժշկական համալսարանի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ոլորտի առաջատար մասնագետներն ու փորձագետները։
Միջոցառումը հնարավորություն է ընձեռել մասնագիտական քննարկման ձևաչափով անդրադառնալու վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանը, էթիկական մոտեցումներին և առկա խնդիրների լուծման նպատակով համագործակցությանը վերաբերող հարցերին։
Քննարկումը կարող է հիմք դառնալ տարբեր ոլորտների մասնագետների հետագա համագործակցությունն ամրապնդելու, ինչպես նաև վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններ իրականացնելու համար։
Միջոցառումը կազմակերպել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ։