Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ:

ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական գաղափարախոսություն:

Այնտեղ հարգվում է իրենց սահմանադրություններով ամրագրված գաղափարախոսական բազմակարծությունը:

Փոխարենը այդպիսի պետական գաղափարախոսություն ունեն, օրինակ` Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Լաոսը, Աֆղանստանը, Էրիթրեան, Իրանը և նմանատիպ երկրներ:

Մյուս օրինակներն ավելի հետաքրքիր են: Ռուսաստանում և Բելառուսում սահամանդրական մակարդակով նույնպես ամրագրված է գաղափարական բազմակարծության սկզբունքը (այնպես, ինչպես Հայաստանում և ԵՄ երկրներում), սակայն փաստացի այդ երկրներում ընդունվեցին նմանատիպ «պետական գաղափարախոսություններ», որոնք նույնիսկ դասավանդվում են դպրոցներում:

Ըստ այդմ, հեռու չէ այն օրը, որ ռուսաստանյան դպրոցներում ամեն երկուշաբթի օրվա առաջին դասաժամին անցկացվող «Разговоры о важном»-ի անալոգով մեր մոտ էլ կսկսեն երեխաների հետ «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել:

Հենց էսպես էլ, Միութենական պետության «շարժիչով» մեր մեքենան հուսահատորեն հրում ենք դեպի ԵՄ»:

Leave a comment