Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից

Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Բելգիայի հավաքականի նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակը ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Երբ Օլիսեն շրջանցեց մրցակցին, ինքս ինձ ասացի, որ գրավելու է դարպասը: Ես ամբողջ սրտով նրա հետ էի։ Այսօր մենք լավն էինք ամեն ինչում, այդ թվում՝ պրեսինգում։ Մենք ինչ-որ բան կառուցեցինք լավ թիմի դեմ խաղում։ Մենք համառ էինք, ցուցաբերեցինք քաջություն և չվախեցանք մտնել մրցակցի կիսադաշտ. սա այն է, ինչ ինձ դուր է գալիս։ Եվ ամենալավն այն է, որ բոլորը ներգրավված էին, ինչը մենք սիրում ենք։

Մենք գերիշխում էինք, և ընդհանուր առմամբ հանդիպումը բավականին տրամաբանական է. մենք արժանի էինք հաղթանակի և, ի վերջո, խփեցինք այս գոլը։ Մեր խաղով մենք արժանի էինք այս գոլը խփելու։ Մենք շատ լավ վերահսկում էինք հանդիպումը։

Օլիսեն իսկական տաղանդ է։ Նա ուզում է ուրախացնել, զգում է ֆուտբոլը, և թե երբ պետք է առաջ գնալ, և երբ՝ դանդաղեցնել։ Ես ուրախ եմ նրա կողքին լինելու համար»,- ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

Բելգիայի հավաքականի դեմ արտագնա խաղում ֆրանսիացիների հաղթական գոլը 88-րդ րոպեին խփել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment