Վճռաբեկ դատարանի նախագահին սպասարկող «Toyota»-ի վարորդը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները․ Shamshyan

Հանրապետությունում երբեմն կհանդիպես օրինախախտ այնպիսի վարորդների, ովքեր իրենց համարելով անպատժելի, կարող են ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում կատարել՝ մտածելով, որ պարեկներն իրենց ոչինչ չեն անի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:33-ի սահմաններում, Երևանում «Toyota» մակնիշի «001 SS 01» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրանյան փողոցում, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վազանց է կատարում, ապա ավտոմեքենան վարում հանդիպակաց երթևեկելի գոտիով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվեկշռում ե սպասարկում է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին։

Արդյոք այդ «ուղեղից թոփալ» վարորդը, երբ խախտումը կատարում էր, Լ․ Թադևոսյանը եղել է ավտոմեքենայում, թե ոչ, հայտնի չէ, բայց որ Վճռաբեկ դատարանի նախագահը պետք է հետևություններ անի, դա ակնհայտ է։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել խախտումը։

Leave a comment