Քաղաքականություն
29.09.2026 | 11:33
Ռուսաստանը պատրաստվում է Հյուսիսային Կորեայից ներգրավել լրացուցիչ 10 հազար զինծառայողի, որոնց ընտրում են նախապատրաստման և հետագայում ՌԴ տեղափոխելու համար։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ ավելի քան 8 հազար հյուսիսկորեացի զինվորական արդեն գտնվում է Ռուսաստանի տարածքում։ ՌԲԿ-Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում, որը նա հրապարակել է Գլխավոր հետախուզական վարչության զեկույցից հետո։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փաստացի սկսել է լրացուցիչ զորահավաք և տարբեր միջոցներով ավելացնում է իր կողմից հավաքագրվող մարդկանց թիվը։ Մոսկվան նախատեսում է նաև ընդլայնել օտարերկրացիների ներգրավումը, մինչդեռ Ուկրաինան մտադիր է տեղեկացնել այն երկրների կառավարություններին, որոնց քաղաքացիներին Ռուսաստանը հավաքագրում է, հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին առանձին նշել է, որ ռազմական օգնության դիմաց Ռուսաստանը Հյուսիսային Կորեային վճարում է, այդ թվում՝ տեխնոլոգիաներով։ Նրա պնդմամբ՝ Ռուսաստանի տեխնիկական աջակցությամբ ԿԺԴՀ-ում գործարկվել է «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու սարքերի արտադրություն։
«Ռուսաստանի տեխնիկական աջակցությամբ Հյուսիսային Կորեայի տարածքում գործարկվել է «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու սարքերի արտադրություն։ Սա այն է, թե ինչպես է չարիքը տարածվում, և ինչպես աշխարհի մի հատվածում կյանքի համար սպառնալիքը տարածվում է աշխարհի այլ հատվածներ»,- ասել է նա։
Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ռազմական համագործակցությունն արդեն չի սահմանափակվում զինամթերքի և զինվորականների մատակարարմամբ։ Ռուսական տեխնոլոգիաների փոխանցումը Փհենյանին հնարավորություն է տալիս զարգացնել սպառազինության սեփական արտադրությունը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմում ձեռք բերված փորձը կարող է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի ռազմական հնարավորությունները Ասիայում, մասնավորապես, Հարավային Կորեայի դեմ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը ԿԺԴՀ-ի վերաբերյալ մտահոգիչ կանխատեսում էր արել։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեան օգտագործում է Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի փորձը սեփական սպառազինությունը կատարելագործելու և բանակը զարգացնելու համար՝ միաժամանակ ընդլայնելով ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի