Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար

Հայաստանի 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցի  հրապարակումից հետո Ազգային ժողովի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ներկայացրել են զեկույցի միայն այն հատվածները, որոնք ձեռնտու են իրենց քաղաքական ուժերին:

Քաղաքական դերակատարները հաճախ են այսպիսի քայլերի դիմում․ անգլերենում սա հայտնի է որպես cherry picking․ քաղաքական գործիչներն ընտրում ու ներկայացնում են իրենց միայն դրական լույսի ներքո ներկայացնող արդյունքները՝ անտեսելով կամ լռելով վատ արդյունքների մասին։

Կոնջորյանը և Կարապետյանն այս դեպքում ներկայացրել են նույն փաստաթղթի երկու տրամագծորեն հակառակ պատկեր:

Կոնջորյանի փաստերի ընտրությունը

ՔՊ ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանն իր գրառման մեջ ամբողջությամբ շրջանցել է զեկույցի այն հատվածները, որոնք սուր քննադատության են ենթարկում իշխանություններին, արձանագրում են վարչական ռեսուրսի չարաշահումներն ու ընտրական գործընթացի էական թերությունները, փոխարենը ներառում են այն պնդումները, որոնք ձեռնտու են ՔՊ-ին: Կոնջորյանի գրառումը՝ ստորև․

««Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»:

Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Զեկույցում, ի թիվս այլ արձանագրումների, նշվում է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները բազմազան էին և լավ կազմակերպված: Ընտրողներին տրված էր իրական ընտրություն քաղաքական այլընտրանքների միջև: Դիտարկված ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրության օրվա ընթացքը գնահատվել է չափազանց դրական։

Զեկույցում արձանագրվում է, որ ընտրություններն անցկացվել են աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում:

Ընտրություններն ուղեկցված էին Հայաստանի հանդեպ արտաքին միջամտությամբ, որի մասշտաբները դիտորդները բնորոշել են որպես «աննախադեպ և մտահոգիչ»։

Զեկույցը շեշտում է Հայաստանի հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցները և դիվանագիտական ​​կոշտ հռետորաբանությունը՝ ընտրությունների արդյունքներն ուղղորդելու դեպի ընդդիմադիր կամ հակակառավարական կուսակցություններ։

Համաձայն ԵԽԽՎ դիտորդական առաքելության` ընտրությունների օրն անցել է լավ կազմակերպված և հանգիստ մթնոլորտում:

Դիտարկված ընտրական տեղամասերի ճնշող մեծամասնությունում ընտրական գործընթացն արժանացել է դրական գնահատականի այդ թվում կանանց լավ ներկայացվածությամբ ընտրական տեղամասային հանձնաժողովների կազմում:

Քարոզարշավի ընթացքում արտերկրից դիտարկվել են առևտրային սահմանափակումների  և անվտանգության սպառնալիքների ուղղակի ճնշումներ, որոնց նպատակը, ըստ զեկույցի, ազդելն էր ընտրողների վրա` ընդդիմադիր ուժերի օգտին:

Օտարերկրյա միջամտությունն ու արտաքին տեղեկատվական գործողությունները հասել էին աննախադեպ մասշտաբների՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում:

Ըստ զեկույցի, ընտրությունների արդյունքները վկայում են, որ հասարակությունը դրսևորել է իր ժողովրդավարական կայունությունը՝ չնայած աննախադեպ մասշտաբի արտաքին ճնշումներին և արձանագրված թերություններին։

ԵԽԽՎ զեկույցը արձանագրում է` նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն»:

Միևնույն ժամանակ, Կոնջորյանը լռել է ԵԽԽՎ զեկույցի այնպիսի պնդումների մասին, որոնք ներկայացնում են ընտրական գործընթացի թերությունները, ինչպես օրինակ․

  1. ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը․ Զեկույցի համաձայն՝ հետընտրական առանցքային վեճը կենտրոնացած էր 10/51, 35/65 և 12/13 ընտրատեղամասերում արդյունքները ԿԸՀ-ի կողմից անվավեր ճանաչելու շուրջ:

Զեկույցը նշում է, որ եթե մասնակցության այդ ցուցանիշները ներառվեին, «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարանական 4% շեմը՝ ստանալով մանդատներ և իշխող կուսակցությանը զրկելով 3/5 մեծամասնությունից:

ԿԸՀ-ն հիմնավորման մեջ նշել էր, թե «այդ տեղամասերում արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», և հրաժարվեց վերաքվեարկություն նշանակել: Ըստ զեկույցի՝ դա որոշման համար «խիստ անբավարար հիմնավորում է»՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը:

  1. Վարչական ռեսուրսների համատարած չարաշահումը. Զեկույցն արձանագրում է իշխող կուսակցության և պետական ապարատի միջև սահմանների ջնջումը, պաշտոնական միջոցառումների օգտագործումը քարոզչական նպատակներով և հանրային հատվածի աշխատակիցների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշումները:
  2. Հանրային հեռուստաընկերության և առանցքային լրատվամիջոցների կողմնակալությունը․ Զեկույցում նշվում է, որ չնայած լրատվական դաշտի ընդհանուր բազմազանությանը, Հանրային հեռուստաընկերությունը և մի քանի առանցքային լրատվամիջոցներ ակնհայտ նախապատվություն են տվել իշխող ուժին եթերաժամանակի և լուսաբանման տոնայնության առումով: Զեկույցում նշվում է նաև, որ այլ լրատվամիջոցներ նույն ժամանակահատվածում քննադատաբար են ներկայացրել իշխող քաղաքական ուժին։
  3. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի քաղաքացիություն ստացած 20 000 անձանց ընդգրկումը զեկույցը դրական է համարում, սակայն միաժամանակ նշում է, որ արցախցիների՝ քաղաքացիություն ստանալու 6 000 դիմում մնացել էր ընթացքի մեջ՝ հաճախ բյուրոկրատական պատճառներով: Ըստ զեկույցի՝ տեղական դիտորդներն արձանագրել են, որ այս անձանց ընտրելու հնարավորությունից զրկելը անհամամասնորեն ավելի շատ ազդել է խոցելի խմբերի վրա:

 

Կարապետյանի փաստերի ընտրությունը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նույնպես դրսևորել է նույնատիպ միակողմանի մոտեցում. նա առանձնացրել է միայն իշխանությունների դեմ ուղղված մեղադրանքներն ու ընտրական խախտումները՝ անտեսելով ընտրությունների լեգիտիմությունն ու միջազգային ճնշումները հաստատող հատվածները: Կարապետյանի գրառումը՝ ստորև․

«Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին ! 

  1. Ապօրինի կալանքների մասին- Խուզարկությունների և ձերբակալությունների զգալի աճ է գրանցվել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և թեկնածուների նկատմամբ։ 

Դիտորդական առաքելությունն ընդգծել է, որ այս միջոցները ստեղծել են Ընտրողական արդարադատություն (!) և էականորեն կաշկանդող ազդեցություն (chilling effect) են ունեցել ընդդիմության նախընտրական արշավի ջանքերի վրա։

  1. Վարչական լծակների մասին-Իշխող կուսակցությունն օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները, հանրային ենթակառուցվածքները և վարչական լծակները՝ իր քարոզարշավին սատարելու համար։ Սա զգալիորեն խեղաթյուրել է քարոզարշավի միջավայրը՝ թույլ չտալով ընդդիմադիր ուժերին մրցել հավասար պայմաններում։
  2. Ընտրակաշառքների մասին- Մինչ իրավապահ մարմիններն արագորեն աղմկահարույց հետաքննություններ են սկսել ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներն ու բողոքները արժանացել են զգալիորեն պակաս խիստ կամ հապաղած քննության։ !!!
  3. Ձայնագողության մասին – «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4% շեմը, ստանալ մանդատներ և իշխող կուսակցությանը զրկել 3/5 մեծամասնությունից։ ԿԸՀ-ն մեկ նախադասությամբ հիմնավորման մեջ որոշել է, որ «այդ ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», և հրաժարվել է վերաքվեարկություն նշանակել։ Սա որոշման համար խիստ անբավարար(!) հիմնավորում է՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը»։

Կարապետյանը նույնպես բաց է թողել զեկույցի այնպիսի հատվածներ, որոնք պարունակում էին ընտրությունների կազմակերպման որակի, արտաքին ազդեցությունների և այլ՝ իշխանություններին դրական լույսի տակ ներկայացնող կամ ընդդիմությանը հեղինակությանը վնասող պնդումներ։

  1. Աննախադեպ արտաքին միջամտությունն ու աշխարհաքաղաքական ճնշումները. Զեկույցում հատուկ ընդգծված է, որ ընտրություններն անցել են արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, տնտեսական սպառնալիքների և ուղղակի միջամտության աննախադեպ մասշտաբների պայմաններում, և դրանց նպատակն էր ազդել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի:
  2. Ընտրողներին տրված իրական քաղաքական այլընտրանքը. Զեկույցի համաձայն՝ դիտորդները փաստել են, որ ընտրությունները եղել են մրցակցային, և քաղաքացիներն ունեցել են իրական հնարավորություն՝ ընտրություն կատարելու տարբեր քաղաքական ուժերի և այլընտրանքների միջև:
  3. Քվեարկության օրվա հանգիստ և կազմակերպված ընթացքը. զեկույցի համաձայն՝ բուն ընտրության օրը տեղամասերի ճնշող մեծամասնությունում գնահատվել է չափազանց դրական, գործընթացն անցել է կազմակերպված, թափանցիկ և առանց լուրջ միջադեպերի:

Քաղաքական երկու գործիչների ընտրած և անտեսած փաստերից հակադիր փաստերից կարելի էր ենթադրել, որ երկու կողմի գրառումները տեսնելիս լսարանը կարող է տեղեկացվել զեկույցը բոլոր կետերի մասին, բայց այդպես չէ։

Ճիշտ է, որ առանձին վերցրած՝ ոչ՛ Հայկ Կոնջորյանի, ո՛չ էլ Նարեկ Կարապետյանի գրառումները լիարժեք չեն տեղեկացնում զեկույցի իրական բովանդակությունը: Երկու կողմն էլ ներկայացնում են ճշմարտության միայն այն կեսը, որն իրենց ձեռնտու է։ Բայց նույնիսկ երկուսի համադրությունը ցույց չի տալիս ընդհանուր պատկերը։

Օրինակ, զեկույցում կան նաև այնպիսի պնդումներ, որոնք գործնականում քննադատում են և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը։ Զեկույցի այդպիսի հատվածներից մեկը վերաբերում է նախընտրական համատեքստին. «Հասարակական համատարած բևեռացվածությունը և զանգվածային բողոքի ակցիաները ձևավորել էին ներքաղաքական լարված մթնոլորտ: Տարիներ տևած առճակատումը և ընթացող իրավական ու կազմակերպչական բարեփոխումները թուլացրել էին վստահությունը կառույցների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ»:

Այսպիսով, իշխանական ՔՊ կուսակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը խիստ ընտրողաբար են ներկայացրել ԵԽԽՎ զեկույցը Հայաստանի ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Երկու կողմն էլ ուշադրությունը հրավիրել է քաղաքական հակառակորդին թիրախավորող կետերի վրա՝ միաժամանակ լռելով իրենց քաղաքական ուժին թիրախավորող կետերը։

Factor TV-ն նաև ներկայացրել է զեկույցի քննարկումը, որը նույնպես պարունակում է ելույթներ և կետեր, որոնք բացահայտում են զեկույցի կարևոր ընդգծումները։ ԵԽԽՎ-ում երեկվա քննարկումների արդյունքում զեկույցը հաստատվել է վեհաժողովի կողմից։

 

Գարիկ Հարությունյան

 

 

Leave a comment