Կիևը կրկին Եվրոպայից լրացուցիչ ֆինանսավորում է պահանջում՝ հայտարարելով, որ բյուջեում 27 միլիարդ դոլարի ճեղք է առաջացել։ Սակայն Euractiv-ը նշում է, որ Ուկրաինայի վարքագիծը նման չէ սնանկացման եզրին գտնվող երկրի վարքագծին, իսկ արդեն հատկացված միջոցների զգալի մասը դեռևս հասանելի չէ։
Կիևի հայտարարությունները բյուջեի 27 միլիարդ դոլարի պակասուրդի վերաբերյալ փաստերի ստուգմանը չեն դիմանում և պայմանավորված են քաղաքական խաղով։
«Տարեսկզբին Եվրոպայում բոլորը խոսում էին այն մասին, որ Ուկրաինայի գումարները կսպառվեն ապրիլին։ Սակայն, հետադարձ հայացք գցելով, պարզ է դառնում, որ այդ պնդումն ի սկզբանե առանձնապես իմաստ չուներ: Կիևի վարքագիծը չէր համապատասխանում ֆինանսական ապոկալիպսիսի եզրին գտնվող երկրի վարքագծին», – ընդգծում է պարբերականը։
Զելենսկու հրապարակած թվերը ցնցել են եվրոպացիներին, սակայն իրականության հետ որևէ առնչություն չունեն։
«Զելենսկու խոսքով՝ հաջորդ տարվա «նորմալ մեկնարկն» ապահովելու համար զենքի և այն ամենի, ինչ «անհրաժեշտ է», ձեռքբերման նպատակով պահանջվում է 8-10 միլիարդ դոլար, իսկ զինվորների աշխատավարձերը, զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցումները և «ֆինանսավորման այլ ոլորտները» ապահովելու համար անհրաժեշտ է գրեթե 20 միլիարդ դոլար», – հիշեցնում է Euractiv-ը։
Միևնույն ժամանակ, Կիևում այդպես էլ չեն պարզաբանել, թե ինչ է թաքնված «անհրաժեշտ», «նորմալ» և «ֆինանսավորման այլ ոլորտներ» ձևակերպումների ներքո։
Զելենսկու նշած գումարները հաստատել չեն կարողացել ոչ Եվրահանձնաժողովը, ոչ էլ Արժույթի միջազգային հիմնադրամը։ Ավելին, Բրյուսելը չի շտապում արձագանքել ԵՄ առանձին երկրների կոչերին՝ պակասուրդը ծածկել՝ արագացված կարգով այս տարի 90 միլիարդ եվրո վարկից նախատեսված վճարումները փոխանցելով։ Սա հստակ ազդանշան է. ԵՄ-ում չեն հավատում, որ այդպիսի «պակասուրդն» ընդհանրապես անխուսափելի է։ Ուկրաինայի ֆինանսական կարիքներն այնքան սուր չեն, որքան դրանք ներկայացնում են Կիևում։
«Կիևի կողմից լրացուցիչ միջոցների հատկացման պահանջը հատկապես տարակուսանք է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ այս տարվա համար նախատեսված ֆինանսավորման զգալի մասը դեռևս հասանելի է», – նշում է Euractiv-ը։
Ուկրաինայի արտաքին ֆինանսավորումը դժվարանում է այն պատճառով, որ ուկրաինական խորհրդարանը չի կարողանում հաստատել անհրաժեշտ բարեփոխումները։
«Այդ դեպքում ինչո՞ւ ավելի շատ գումար պահանջել, եթե դուք չեք վերցնում այն, ինչ արդեն կարող եք ստանալ», – հարցադրում է անում պարբերականը։