«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (Christian Solidarity International — CSI) իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ մերժելով Հայաստանի կառավարության հրապարակած «Ճգնաժամը եկեղեցում» զեկույցը։ Կառույցը փաստաթուղթը որակել է որպես բացահայտ հարված Եկեղեցու ինքնավարությանը, որը երաշխավորված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքով։
CSI-ի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի մամուլի ծառայության պատրաստած զեկույցը պետականորեն հովանավորվող արշավի մաս է, որի նպատակն է լռեցնել 1700-ամյա կառույցին։ Իրավապաշտպանները նշում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն առաջ է մղում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին գահընկեց անելու և Եկեղեցին պետական վերահսկողությանը ենթարկելու քաղաքական ծրագիր։
Զեկույցը կազմվել է վարչապետի մամուլի ծառայության կողմից՝ հիմնվելով համացանցային ասեկոսեների, այլ ոչ թե իրավական ապացույցների վրա։ Այս պնդումների հանրայնացումը այն պայմաններում, երբ Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսներ բախվում են քաղաքականապես ուղղորդված դատական գործընթացների, կոպտորեն խախտում է նրանց արդար դատաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ, իշխանությունը Եկեղեցուն մեղադրում է ապօրինի քաղաքական գործունեության մեջ՝ անտեսելով, որ 2023 թվականին Արցախի էթնիկ զտումներից հետո տեղահանված հայրենակիցների պաշտպանությամբ հանդես գալն ուղղակիորեն բխում է նրա սահմանադրական դերակատարումից։
CSI-ի նախագահ Ջոն Էյբները Հայաստանի կառավարությանը կոչ է արել անհապաղ հետ կանչել զեկույցն ու հարգել Եկեղեցու ինքնակառավարվող էությունը։ Բացի այդ, կազմակերպությունը դիմել է միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին և ԵՄ-ին՝ հորդորելով ճնշում գործադրել Երևանի վրա՝ եկեղեցական ներքին գործերին միջամտությունը դադարեցնելու համար։