«Կոնֆիդենցիալության խախտում»․ Կիևի և Սեուլի միջև դիվանագիտական սկանդալ է հասունանում հյուսիսկորեացի ռազմագերիների պատճառով

Ուկրաինայի և Հարավային Կորեայի միջև դիվանագիտական լուրջ սկանդալ է բռնկվել, որը սպառնում է խաթարել երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Լարվածության պատճառ է դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, թե Կիևը Հարավային Կորեա է ուղարկել երկու հյուսիսկորեացի զինծառայողների, որոնք Ռուսաստանի կողմից մասնակցում էին պատերազմին և գերեվարվել էին ուկրաինական ուժերի կողմից։ Զելենսկին հավելել էր, որ նրանց ողջ վերցնելը հեշտ չէր։  

Այս հայտարարությունից ժամեր անց Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը խիստ քննադատության է ենթարկել Կիևի գործողությունները։ «X» սոցիալական ցանցի իր էջում նա գրել է․ «Ես չեմ հասկանում, թե ինչու ուկրաինական կողմը խախտեց պայմանավորվածությունն ու հանրայնացրեց այս հարցը, սա խիստ հիասթափեցնող է»։  

Ուկրաինայի նախագահի օգնական Դմիտրի Լիտվինը փորձել է մեղմել իրավիճակը՝ պնդելով, թե Ուկրաինան բաց երկիր է, և արտառոց կլիներ զինվորներին գաղտնի փոխանցելը։ Սակայն Սեուլում սա որակել են որպես վստահության բացահայտ խախտում։  

Հարավային Կորեայի նախագահի աշխատակազմը պաշտոնական պարզաբանումներ ու ներողություն է պահանջել Ուկրաինայից։ Նախագահի հասարակայնության հետ կապերի գծով ավագ քարտուղար Սոն Կի Հոնը նշել է․ «Ուկրաինական կողմից երկկողմ կոնֆիդենցիալության համաձայնագրի խախտումն ու տեղեկատվության միակողմանի հրապարակումն ինքնին ծայրահանդուրժելի է։ Սակայն Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության կեղծ հայտարարությունն առ այն, թե նման համաձայնություն չի եղել, լրջորեն հարվածում է կառավարությունների միջև վստահությանն ու վնաս հասցնում բարեկամական հարաբերություններին»։ Նա հավելել է, որ Սեուլը դիտարկում է լրացուցիչ քայլերի ձեռնարկումը։  

Հայտնի է, որ գերեվարված հյուսիսկորեացի զինվորներից մեկը ծառայել էր հետախուզական ստորաբաժանումում, բանակ էր զորակոչվել 17 տարեկանում և ցանկություն էր հայտնել բնակվել Հարավային Կորեայում։  

Փորձագետների գնահատմամբ՝ Սեուլի նման կոշտ արձագանքը պայմանավորված է Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների էլ ավելի սրման մտավախությամբ։ Ինչպես նշում է Իհվա կանանց համալսարանի պրոֆեսոր Պակ Վոն Գոնը, Փհենյանն իր զինվորներին օգտագործում է հերոսական քարոզչություն ստեղծելու համար, և ռազմագերիների հանրային փոխանցումը կարող է լրացուցիչ ագրեսիա հարուցել ԿՆԴՀ-ի կողմից։  

Բացի այդ, ծագած սկանդալը լուրջ սպառնալիք է Կիևի համար, քանի որ կարող է արգելափակել Հարավային Կորեայից պաշտպանական սպառազինություն և ՀՕՊ համակարգեր ստանալու շուրջ ընթացող բանակցությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment