Աշնանային եղանակային փոփոխությունները կարող են անդրադառնալ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց առողջական վիճակի վրա։
Այս շրջանում հատկապես հիպերտոնիկ հիվանդները կարող են բախվել արյան ճնշման տատանումների և հիվանդության սրացման խնդրին։
MediaHub-ի հետ զրույցում սրտաբան Գայանե Աղաբաբյանը նշում է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների նկատմամբ։ «Հիմնականում քրոնիկ հիվանդներն ավելի զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ, դրա համար սրացումներն ավելի շատ են լինում։ Հիմա ցրտի հետ կապված՝ անոթային սպազմ է լինում, և ճնշման բարձրացումն ավելի նկատելի է դառնում»,- նշեց Աղաբաբյանը։
Մասնագետի խոսքով՝ կան մի շարք ախտանիշներ, որոնց դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ «Հանկարծակի ցավ կրծքավանդակում, գլխացավեր, որոնք ուղեկցվում են ճնշման բարձրացմամբ, գլխապտույտներ, հևոց. դրանք հիմնականում սրտաբանական այնպիսի ախտանիշներ են, որոնք պարտադիր հետազոտություն են պահանջում»,- ասաց սրտաբանը։
Գայանե Աղաբաբյանը նաև զգուշացնում է՝ հատկապես այս սեզոնին չպետք է փոխել նշանակված դեղորայքի դեղաչափը կամ դադարեցնել բուժումն առանց բժշկի հետ խորհրդակցելու։ «Դեղաչափի, ինչպես նաև դեղորայքի ինքնուրույն փոփոխությունը, եթե մասնագետի կողմից չի եղել, բնականաբար, կարող է խնդիրներ առաջացնել։ Երբեմն լինում է, որ մարդն ինքնուրույն ընդհատում է դեղորայքի ընդունումը, ինչը շատ ավելի վտանգավոր է»,- նշեց սրտաբանը։
Նրա խոսքով՝ դեղորայքի ինքնակամ դադարեցումը կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան դեղաչափի փոփոխությունը, բայց դեղաչափի փոփոխությունը նույնպես կարող է սխալ լինել և հանգեցնել առողջական խնդիրների՝ լուրջ վտանգ ներկայացնելով։
Ռիսկի խմբում, ըստ մասնագետի, հատկապես հիպերտոնիկ հիվանդներն են։ Միաժամանակ, բարձր ճնշման խնդիրը միայն տարեցներին չի վերաբերում։ «Բարձր ճնշումներն արդեն հանդիպում են 25-ից բարձր տարիքի մարդկանց մոտ, շատ են երիտասարդ պացիենտները։ Ու այո, կարող ենք ասել, որ խնդիրը երիտասարդացել է։ Ավելի շատ թիրախում հիպերտոնիկ հիվանդներն են»,- նշեց սրտաբանը։
Սրտանոթային խնդիրների սրացման ռիսկը նվազեցնելու համար Գայանե Աղաբաբյանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել նաև կենսակերպին և սննդակարգին։ «Աղի սահմանափակումը կարող է բերել ճնշման կարգավորման ու կայունացման։ Դրա համար աղի օգտագործումը վերահսկելը, քաշը կարգավորելն ու նորմալ սահմաններում պահելը մեզ կօգնեն այս խնդirն ավելի հեշտ կառավարել»։
Մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակել նաև ճարպոտ սնունդը և կարգավորել առօրյա սննդակարգը։
Ալիտա Եղիազարյան