Երևանի Իսահակյան փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի և դանակահարության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, 7 անձ ձերբակալվել է։
Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերից հետո, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացել Երևանի Ավետիք Իսահակյան փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքի և ոստիկանների օգնության անհրաժեշտության վերաբերյալ։
Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ՝ 21 և 29 տարեկան երկու երիտասարդ։
Դեպքի վայր մեկնած Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները, Օպերատիվ վերլուծական վարչության աշխատակիցների հետ իրականացված միջոցառումների արդյունքում, պարզել են, որ նշված վայրում գործող ռեստորանում հիվանդանոց տեղափոխված երիտասարդները վիճաբանել են Երևանի 36-ամյա բնակչի հետ։ Նրանք հայհոյանքներ են հնչեցրել և հարվածել միմյանց՝ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով։
Վիճաբանությունը շարունակվել է ռեստորանից դուրս, որտեղ դրան միացած մի խումբ անձինք հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 21 և 29-ամյա երիտասարդներին ու տեղափոխել Արաբկիրի բաժին։
Հետագա միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանությանը մասնակցած 31-ամյա տղամարդը հայտնաբերվել է Երևանի Դուրյան փողոցում։ Նա սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Իրավապահները շարունակում են միջոցառումները միջադեպին մասնակցած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։