Քաղաքականություն
28.09.2026 | 17:21
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտարարել է, որ Իտալիայում իր բենզալցակայաններում բենզինի և դիզելային վառելիքի գների համար վերին շեմ կսահմանի։ Խոսքը SOCAR-ի կողմից այս տարվա մայիսին վերահսկողության տակ վերցված «Italiana Petroli» (IP) ընկերության բենզալցակայանների ցանցի մասին է։ Ընկերությունն Իտալիայի վառելիքի շուկայի հիմնական մասնակիցներից է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆին որոշման համար։
«Eni-ից հետո IP-ն նույնպես որոշել է սահմանափակել վառելիքի գներն ամբողջ երկրում: Սա իտալական ընտանիքների համար մտահոգության կարևոր գործոն է և հաստատում է, որ հնարավոր է կոնկրետ ներդրում ունենալ վառելիքի ծախսերի կրճատման գործում: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին այս մտահոգության նշանի համար, որն ամրապնդում է մեր համագործակցությունը, և SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆին։ Կառավարությունը կշարունակի աշխատել ընտանիքներին աջակցելու և նրանց գնողունակությունը պաշտպանելու ուղղությամբ, հատկապես՝ միջազգային այս բարդ ժամանակահատվածում»,- նշել է Մելոնին սոցցանցերում։
SOCAR-ը դեռևս չի հայտարարել գնի կոնկրետ սահմանաչափի մասին։
Ավելի վաղ SOCAR-ը API Holding-ից ձեռք էր բերել Italiana Petroli-ի բաժնետոմսերի 99,82 տոկոսը։ Վառելիքի գների վերաբերյալ որոշումը կայացվել է SOCAR-ի՝ Իտալիայում իր գործունեության ընդլայնման հետ մեկտեղ։
Միաժամանակ, սեպտեմբերի 26-ին SOCAR-ի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ստորագրվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Դրա համաձայն՝ SOCAR-ը կլինի Իտալիայի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների «Գլխավոր գլոբալ էներգետիկ հովանավորը» 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2030 թվականի վերջը։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս երկու տարով՝ մինչև 2032 թվականը։ SOCAR-ը չի բացահայտել, թե որքան գումար է ծախսելու հովանավորության համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի