ԱՄՆ-ը դժվարությունների է բախվել Վենեսուելայում արդյունահանված ոսկու գնման հետ կապված

Բացի նավթից ԱՄՆ իշխանությունները ձգտել են հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու պաշարներին, սակայն բախվել խոչընդոտների՝ կապված մետաղի արդյունահանման գործընթացում առկա խախտումների հետ, հայտնել է «The New York Times»-ը։

Պարբերականը նշել է, որ վենեսուելական ոսկին նախկինում օգուտ է բերել ԱՄՆ-ի հակառակորդներին, օրինակ՝ Իրանին։ Նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է այդ ոսկին ուղղել դեպի ԱՄՆ վերամշակման նպատակով։ Սակայն, մատակարարման իրավիճակին քաջատեղյակ երեք անձանց վկայությամբ, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ արժողությամբ ոսկին մնում է պահեստներում՝ մասամբ Թրամփի վարչակազմի շտապողական մոտեցման պատճառով։ Միջազգային իրավունքի համաձայն՝ ընկերությունները պահանջում են երաշխիքներ առ այն, որ ոսկին նախկինում եկամուտ չի բերել հանցագործներին, չի պատճառել բնապահպանական վնաս և չի նպաստել կոռուպցիային։

Ըստ NYT-ի՝ Սպիտակ տունը նախկինում թույլտվություն էր տվել բազմազգ առևտրային «Trafigura Pte Ltd» ընկերությանը՝ վաճառելու վենեսուելական ոսկին։ Ընկերությունը պնդել է, որ ԱՄՆ-ն կարող է «վերահսկողություն հաստատել օրենքից դուրս գործող ոլորտի նկատմամբ» և հումքն ուղղել դեպի ԱՄՆ ու նրա գործընկեր երկրներ, սակայն աղբյուրները նշում են, որ Trafigura-ի ներսում որոշ անձինք կասկածներ են հայտնել ոսկու ծագումը պարզելու բարդության պատճառով։

Թերթի աղբյուրներն ասել են, որ թերահավատություն էր հայտնել նաև Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, թեև նա միայն ձևական ազդեցություն ուներ հանքարդյունաբերական շրջանների համար պատասխանատու զինվորական հրամանատարների վրա։ Ի վերջո, նա համաձայնել է ծրագրին, ըստ որի՝ Trafigura-ն պետք է համագործակցեր Վենեսուելայի պետական ​​Minerven ընկերության հետ. պայմանավորվածությունը նախատեսել է, որ Trafigura-ն ոսկին կգնի միայն կոնկրետ հանքերից և կարտահանի ԱՄՆ՝ երաշխավորելու, որ մատակարարման շղթայում ներգրավված չեն լինի հանցավոր խմբավորումներ կամ կոռումպացված պաշտոնյաներ։

Ինչպես նշել է թերթը, Վենեսուելայում ոսկու արդյունահանման և հանցավոր տարրերի միջև կապերը լավ փաստագրված են։NYT-ի հետաքննությունը պարզել է, որ, չնայած ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, ոլորտը շարունակում է սերտ կապեր պահպանել կազմակերպված հանցավորության հետ։ Օրինակ՝ ոսկու արդյունահանման կենտրոն համարվող Էլ Կալյաոյում (El Callao) որոշ ոչ մեծ մասշտաբի հանքագործներ աշխատում են Minerven-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ընդ որում՝ արդյունահանված ոսկու մի մասը որպես «պաշտպանավճար» փոխանցվում է տեղական հանցավոր խմբավորմանը։

NYT-ի ուսումնասիրած վճարումների փաստաթղթերը վկայում են, որ Minerven-ը Trafigura-ին վաճառվող ոսկու ծավալների միայն մի փոքր մասն է պաշտոնապես հայտարարագրում։

 

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ այն բանից հետո, երբ Trafigura-ն սկսել է ոսկի արտահանել ԱՄՆ, ընկերությանը չի հաջողվել վերավաճառել այն։ Սա նշանակում է, որ ոսկին, որը պետք է շահավետ ձեռքբերում դառնար ամերիկյան բիզնեսի համար, փոխարենը պարզապես պահեստներում է մնացել։ Ցանկացած կողմ, որը ցանկանում է գնել կամ վերամշակել այդ մետաղը, պարտավոր է հավաստիացնել, որ որևէ կապ չունի հանցավոր աշխարհի հետ։

Leave a comment