Միջնորդներն առանձին բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ–ի և Իրանի հետ. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Սպասվում է, որ բանակցությունները կանցկացվեն Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագրի փոփոխված տարբերակի հարցով:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը մասնակցող միջնորդներն այսօր կամ վաղը առանձին բանակցություններ կանցկացնեն ամերիկյան և իրանական կողմերի հետ։ Այս մասին հաղորդում է «Reuters»-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնյայի:

«Միջնորդները, ինչպես սպասվում է, սեպտեմբերի 28-ին կամ 29-ին առանձին բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ի և Իրանի հետ», – ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և կատարցի միջնորդները դեռևս ԱՄՆ-ում են. նրանք Նյու Յորք էին մեկնել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով։

Ակնկալվում է, որ բանակցությունները կանցկացվեն Հորմուզի նեղուցը բացելու յոթօրյա ծրագրի փոփոխված տարբերակի հարցով:

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցի բացման յոթօրյա ծրագիր են փոխանցել ամերիկյան կողմին։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է իրանական առաջարկը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Իրավիճակի սրացումից առաջ այս նեղուցով էր տեղափոխվում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։

Այժմ նեղուցով անցնող նավերի քանակը զգալիորեն կրճատվել է, իսկ խոշոր լցանավերը փաստացի դադարել են օգտագործել այն:

Leave a comment