Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է պաշտոնյաներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հնարավոր հայցի նյութեր պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան դիմելու համար՝ կապված քրդերի նկատմամբ ենթադրյալ բռնությունների և Անկարայի կողմից ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորման մասին պնդումների հետ։ Այս մասին հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաընկերությունը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

i24NEWS-ի տվյալներով՝ Նեթանյահուն միջգերատեսչական թիմին և կառավարության միջազգային իրավունքի վարչության ղեկավարին հանձնարարել է նախապատրաստել համապատասխան նյութերը։ Նշվում է, որ Իսրայելը կարող է փորձել դրանք ՄՔԴ ներկայացնել մեկ այլ երկրի միջոցով, իսկ պաշտոնյաները հույս ունեն, որ հնարավոր գործի հեռանկարը կզսպի Անկարայի հետագա քայլերը։

i24NEWS-ը, հղում անելով անանուն աղբյուրների, նշում է, որ Նեթանյահուի գրասենյակը և Իսրայելի արդարադատության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը։ ՄՔԴ-ում նման գործի ներկայացման մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Այս տեղեկությունը հաջորդում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում փոխադարձ կոշտ մեղադրանքներին։ Նեթանյահուն իր ելույթում Էրդողանին անվանել էր «բռնապետ» և հայտարարել, որ նա հյուրընկալել է ՀԱԱՄՍ-ի առաջնորդներին։

Թուրքիայի նախագահի հաղորդակցության հարցերով տնօրեն Բուրհանեթթին Դուրանը դրանք որակել է «անհիմն մեղադրանքներ»։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները չեն կարող շեղել ուշադրությունը Գազայում Իսրայելի գործողություններից կամ Նեթանյահուի դեմ ընթացող իրավական գործընթացներից։ Էրդողանը բազմիցս մեղադրել է Նեթանյահուին Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ և նրան համեմատել Ադոլֆ Հիտլերի հետ։ Առաջնորդները նմանատիպ մեղադրանքներ էին փոխանակել նաև հունիսին, երբ Նեթանյահուն Էրդողանին մեղադրել էր քրդերի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեջ։

2025 թվականի հունվարին Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է  ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան գործիչներից մեկի գլխավորած պատվիրակությանը։ Թուրքիան այն ահաբեկչական կազմակերպություն չի համարում՝ ի հակադրություն ԱՄՆ-ի ու Եվրամիության։

Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը «դիմադրության շարժում» է։

Թուրքիայի դեմ Իսրայելի հնարավոր գործը ՄՔԴ-ում կարող է բախվել իրավազորության հետ կապված էական խոչընդոտի։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Իսրայելը դատարանի հիմնադիր պայմանագրի՝ Հռոմի կանոնադրության կողմ չեն։ Հռոմի կանոնադրության համաձայն՝ մեկ այլ երկրի կողմից գործի ներկայացումն ինքնին դատարանին իրավազորություն չի տրամադրի Թուրքիայի տարածքում Թուրքիայի քաղաքացու կողմից ենթադրյալ հանցագործությունների նկատմամբ։

ՄՔԴ-ն 2024 թվականի նոյեմբերին Նեթանյահուի կալանավորման օրդեր՝ Գազայում ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կապակցությամբ։ Առանձին գործընթացի շրջանակում Թուրքիան ներգրավվել է Միջազգային դատարանում (ՄԴ) Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի ներկայացրած ցեղասպանության գործին։

ՄՔԴ-ի վարույթը վերաբերում է Նեթանյահուի անհատական քրեական պատասխանատվությանը, մինչդեռ ՄԴ-ում քննվող գործը վերաբերում է Իսրայել պետությանը։

Օգոստոսին Թուրքիան սկսել է Նեթանյահուի նկատմամբ Ինտերպոլի Կարմիր ծանուցման գործընթացը՝ կապված թուրքական քրեական գործի հետ, որը վերաբերում է Գազա ուղևորվող մարդասիրական օգնության նավատորմի՝ Իսրայելի կողմից կանգնեցմանը։ Ինտերպոլի կողմից նման ծանուցում հրապարակելու մասին հաստատում չկա։ Կարմիր ծանուցումն անձին հայտնաբերելու և ժամանակավորապես ձերբակալելու վերաբերյալ խնդրանք է, այլ ոչ թե միջազգային ձերբակալության հրաման։

Նեթանյահուի՝ քրդերի վերաբերյալ մեղադրանքները հնչում են այն ժամանակ, երբ Թուրքիան փորձում է վերսկսել խաղաղության գործընթացը արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Օգոստոսին խորհրդարանն այս նախաձեռնության շրջանակում ընդունել է առաջին օրենքը։ Քրդերի քաղաքական իրավունքների շուրջ տարաձայնությունները, սակայն, շարունակում են մնալ։ Եվրոպայի խորհուրդը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել քրդամետ կուսակցության բանտարկված նախկին առաջնորդներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին համապատասխան։Առճակատումը տեղի է ունենում Իսրայելի հոկտեմբերի 27-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, որոնցում Նեթանյահուն ձգտում է վերստին ընտրվել վարչապետի պաշտոնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment