ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում

Աշնանային նստաշրջանի առաջին օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ներկայացրեց իր վերջնական զեկույցը Հայաստանում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Զեկույցը, որը պատրաստել է դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտիեն (Շվեյցարիա), փաստում է, որ ընտրությունները ընտրողներին ընձեռել են քաղաքական այլընտրանքների իրական ընտրության հնարավորություն և անցկացվել են տեխնիկապես լավ կազմակերպված միջավայրում։

Այնուամենայնիվ, փաստաթուղթն արձանագրում է աննախադեպ արտաքին միջամտության, ներքին խոր բևեռացվածության, վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրական արդյունքների վիճահարույց չեղարկումների լուրջ դեպքեր։

«Հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման»

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ զեկույցը ներկայացնող Դամիեն Կոտիեն իր ելույթում հայտարարեց, որ քվեարկությունն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն հայկական ժողովրդավարությունը ընտրական գործընթացի ժամանակ ենթարկվել է արտաքին լուրջ ճնշումների։

Նրա խոսքով՝ իրավական դաշտն ապահովել էր ընտրությունների համար ամուր հիմք, իսկ ընտրական վարչակազմը վայելում էր հիմնական դերակատարների վստահությունը։ Նա նշեց, որ ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում քվեարկությունն անցել է պատշաճ կերպով։

Միաժամանակ, ԵԽԽՎ զեկուցողը շեշտեց, որ ընտրությունների աշխարհաքաղաքական միջավայրը չափազանց լարված էր։

«Սակայն հստակ լինենք. հայկական ժողովրդավարությունը ենթարկվել է արտաքին ուժեղ ճնշման։ Աշխարհաքաղաքական համատեքստը չափազանց լարված էր և նշանավորվեց աննախադեպ բնույթի ուղղակի ռուսական միջամտությամբ»,- ասաց նա։

Կոտիեի գնահատմամբ՝ այդ ճնշումները ներառել են առևտրային սահմանափակումներ, էներգամատակարարման հետ կապված սպառնալիքներ, դիվանագիտական ճնշումներ, ազդեցության արշավներ և անվտանգության ոլորտում բարձր մակարդակով հնչեցված ուղղակի սպառնալիքներ։ Նրա խոսքով՝ Հայաստանի եվրոպական ձգտումները ներկայացվել են որպես վտանգ՝ ընտրողների վրա ազդելու նպատակով։

Զեկուցողը շեշտեց, որ քվեարկության օրը հիմնականում անցել է հանգիստ և կազմակերպված, բայց ընտրական գործընթացը չի սահմանափակվում միայն քվեարկության օրով։

Նրա խոսքով՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավը եղել է կոշտ և խիստ բևեռացված։ Ձայներ գնելու վերաբերյալ մեղադրանքները, ըստ Կոտիեի, հանգեցրել են բազմաթիվ քրեական հետապնդումների, հատկապես ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ։

Նա նաև մատնանշեց պաշտոնյաների նկատմամբ ենթադրյալ ճնշումները, ինչպես նաև ընտրություններից առաջ կառավարության հայտարարած սոցիալական և տնտեսական միջոցառումները՝ նշելով, որ դրանք «լուրջ հարցեր» են առաջացրել։

Կոտիեի խոսքով՝ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողությունը դեռևս անբավարար է։

Նա անդրադարձավ նաև առցանց միջավայրի խնդիրներին՝ նշելով, որ ապատեղեկատվությունը, արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը և կեղծ հաշիվները խորացրել են հասարակության մեջ բաժանարար գծերը և օգտագործվել քաղաքական հակառակորդներին վարկաբեկելու նպատակով։

«Մեդիադաշտը բազմակարծիք է, սակայն խիստ բևեռացված»,- հայտարարեց նա։

ԲՀԿ-ի վերաբերյալ ԿԸՀ որոշումը՝ առանց բավարար բացատրության

ԵԽԽՎ զեկուցողը մտահոգիչ որակեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ այդ որոշումը կարող էր վճռորոշ լինել ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու հարցում։

Կոտիեն նշեց, որ տվյալ կուսակցության վերջնական արդյունքը կազմել է 3,99 տոկոս, ինչը չի բավարարել ընտրական 4 տոկոսի շեմը, և այն չի ստացել պատգամավորական մանդատներ։

Նրա խոսքով՝ տվյալ ընտրատարածքներում նոր քվեարկության անցկացումը կարող էր լինել ընդունելի տարբերակ, սակայն ԿԸՀ-ն այն մերժել է՝ առանց բավարար բացատրության։

«Նման նշանակության որոշումը պետք է հիմնված լինի հիմնավոր, թափանցիկ և ստուգելի պատճառաբանության վրա։ Ցավոք, այդպես չէր»,- ասել է նա։

Չնայած արձանագրված բացերին և արտաքին ճնշումներին՝ Կոտիեն նշեց, որ Հայաստանի բնակչությունը ցուցաբերել է «մեծ դիմակայունություն» և վստահություն հայտնել գործող կառավարությանը՝ Եվրոպայի խորհրդի արժեքների վրա հիմնված ուղին շարունակելու համար։

Նա ասաց, որ ամփոփիչ զեկույցում առաջարկվում է ճանապարհային քարտեզ՝ ընտրական գործընթացի թերությունները շտկելու համար։ Այն ներառում է արտաքին միջամտություններից պաշտպանության ամրապնդում, ընտրական համակարգի անկախության երաշխավորում, վարչական ռեսուրսների չարաշահման պատժում, ապատեղեկատվության դեմ պայքար և նոր քվեարկության հստակ մեխանիզմի նախատեսում, եթե հարցի տակ է դրվում քաղաքական ուժի հիմնարար ներկայացվածությունը։

«Հայաստանը ցույց է տվել, որ կարող է կազմակերպել տեխնիկապես հաջող, խաղաղ և ներառական ընտրություններ։ Սակայն ժողովրդավարությունը չափվում է նաև հնարավորությունների հավասարությամբ, տեղեկատվության անաչառությամբ, բողոքարկման մեխանիզմների արդյունավետությամբ, քաղաքացիների վստահությամբ և ճնշումներին դիմակայելու կարողությամբ»,- ասաց Կոտիեն։

Նա հավելեց, որ Հայաստանի իշխանություններն ունեն հստակ մանդատ և պետք է իրականացնեն անհրաժեշտ բարեփոխումները, իսկ ԵԽԽՎ-ն և Վենետիկի հանձնաժողովը պատրաստ են աջակցել Հայաստանի ինստիտուտների ամրապնդմանը՝ Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան։

«Հայաստանի եվրոպամետ ընտրությունը պետք է հարգվի»

Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում՝ Ռուսաստանի կողմից գործադրված աննախադեպ արտաքին ճնշումների և միջամտության ֆոնին, հայտարարեց ԵԽԽՎ անդամ Ռիկարդու Կարվալյուն։

Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցելը հնարավորություն է տվել տեղում դիտարկելու Հայաստանի համար կարևոր քաղաքական փուլն ու երկրում ընթացող խորքային քաղաքական և աշխարհաքաղաքական վերափոխումները։

Չնայած այս մարտահրավերներին՝ պատգամավորի գնահատմամբ, Հայաստանի քաղաքացիներին ընձեռվել է քաղաքական իրական այլընտրանքների միջև ընտրության հնարավորություն։

«Այդ ընտրությունը պետք է հարգվի»,- ընդգծեց նա։

ԵԽԽՎ ներկայացուցչի խոսքով՝ ընտրությունների արդյունքներն ակնհայտորեն փաստում են Հայաստանի ժողովրդի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին և մերձեվրոպական ուղուն․

«Հայաստանի մերձեցումը Եվրոպայի հետ չպետք է ընկալվի որպես դրսից պարտադրված քայլ։ Այն բխում է երկրի քաղաքացիների ինքնիշխան կամքից և ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին նրանց սեփական հավատարմությունից։ Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանի փոխարեն ապագա ընտրելը չէ, այլ աջակցելը, որ հայերն ինքնուրույն ու ազատորեն կերտեն իրենց ապագան»,- ասաց նա։

Բանախոսը նաև հավելեց, որ «ավելի ժողովրդավար, ավելի ինքնիշխան և Եվրոպային ավելի մոտ Հայաստանը նպաստում է ողջ տարածաշրջանի կայունությանն ու ավելի անվտանգ Եվրոպայի կառուցմանը»։

«Եպիսկոպոսների ձերբակալությունները հակասում են ժողովրդավարական ազատություններին»

ԵԽԽՎ-ում Հունգարիայի պատվիրակության անդամ Ժոլտ Նեմեթը նշեց, որ մասնակցել է Հայաստանում անցկացված ընտրությունների դիտորդական առաքելությանը և երկիրը բնութագրեց որպես եվրոպական մշակութային ժառանգության «մարգարիտ», որն ունի ընտրական համակարգի ամուր հիմքեր։

Միաժամանակ, նա ԵԽԽՎ նիստում բարձրացրեց հոգևորականների ձերբակալությունների հարցը։

«Կրոնի ազատությունը պետք է հարգվի, իսկ եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում հիմնարար ժողովրդավարական ազատություններին»,- ասաց Նեմեթը։

Նա նաև հույս է հայտնեց, որ Եվրոպայի խորհրդի շրջանակում հետագայում հնարավոր կլինի աշխատել կազմակերպության հիմնարար սկզբունքներին համահունչ։

«Ոչ մի կին չի գլխավորել ընտրական ցուցակ»

Անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման զեկույցին՝ ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության անդամ Լուս Մարտինես Սեյխոն նշեց, որ երկիրը առաջընթաց է գրանցել գենդերային քվոտաների կիրառման հարցում, սակայն կանանց քաղաքական մասնակցության ոլորտում շարունակում են պահպանվել էական խնդիրներ։ «Ոչ մի կին չի գլխավորել ընտրական ցուցակ, իսկ մանդատ ստանալու իրական հնարավորությամբ տեղերը փաստացի շարունակում են վերապահված մնալ տղամարդկանց։ Սա իրական հավասարություն չէ»,- հայտարարեց Մարտինես Սեյխոն։
Նա ընդգծեց, որ կանանց նկատմամբ բռնությունը Հայաստանում շարունակում է լինել լուրջ և համակարգային խնդիր՝ պնդելով, որ Ստամբուլի կոնվենցիան վավերացնելը կուժեղացներ Հայաստանի իրավական ու ինստիտուցիոնալ հնարավորությունները՝ կանխարգելելու բռնությունը և պաշտպանելու կանանց ու աղջիկների իրավունքները։
Մարտինես Սեյխոյի խոսքով՝ արտաքին ճնշումների, ներքին քաղաքական բևեռացման և տեղահանվածների ճգնաժամի պայմաններում գենդերային հավասարությունը «շքեղություն չէ», այլ ժողովրդավարական կայունության հիմնասյուն։
Իսպանացի պատգամավորը անդրադարձավ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ճգնաժամին։
Նրա խոսքով՝ ընտրություններն անցկացվել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրների պայմաններում, ինչը միայն քաղաքական հռետորաբանություն չէ, այլ հարյուր հազարավոր մարդկանց առօրյայի վրա ազդող իրականություն։
«Անվտանգությունը, սահմանը, տեղահանված համայնքների ապագան՝ այս ամենը շարունակում է մնալ մարտահրավեր, որը պահանջում է Եվրոպայի հետևողական, վճռական և մարդու իրավունքների վրա հիմնված աջակցությունը»,- ասաց Մարտինես Սեյխոն։
Նա եզրափակեց, որ Հայաստանը ցուցաբերել է ընտրություններ տեխնիկապես կազմակերպելու կարողություն, սակայն գենդերային հավասարության, անվտանգության և բռնությունից պաշտպանության հարցերը շարունակում են մնալ կառուցվածքային մարտահրավերներ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում։

Քննարկումը կշարունակվի ընդմիջումից հետո։ Ելույթ ունենալու համար հերթագրվել է 28 հոգի, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակներ Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արամ Վարդևանյանը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

 

 

Leave a comment