Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցել են ոչ մրցակցային պայմաններում․ «Անկախ դիտորդը» արձանագրել է 31 խախտում, այդ թվում՝ ընտրողների վերահսկման և քվեարկության գաղտնիության հետ կապված դեպքեր։ Դաշինքը նաև կարևորել է Թումանյան քաղաքի տեղամասի արդյունքների վերահաշվարկը և ընտրական փաստաթղթերի ու տեսագրությունների ուսումնասիրությունը։ Արզնիում դիտորդները հայտնել են քվեաթերթիկի ձևաչափի պատճառով քվեարկության գաղտնիության վտանգի մասին։
«2026 թ․ սեպտեմբերի 27-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո համայնքներում, Արմավիրի մարզի՝ Ֆերիկ և Կոտայքի մարզի՝ Արզնի համայնքներում։
Լերմոնտովո, Արզնի և Ֆերիկ համայնքներում գործում է մեծամասնական ընտրակարգը՝ քվեարկությունը իրականացվում է անհատ թեկնածուների օգտին։ Այս համայնքներում անցկացվեցին ավագանու անդամի ընտրություններ։ Լերմոնտովո համայնքում ընտրեցին նաև համայնքի ղեկավարին։ Այս ընտրություններին առաջադրվել էր միայն գործող համայնքապետը։
Թումանյան խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքի ղեկավարը: Թումանյան համայնքում ավագանու նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2021թ․ դեկտեմբերի 5-ին և ավագանին լիազորությունները ստանձնել էր նույն թվականի դեկտեմբերի 17-ին։
ՏԻՄ ընտրությունների օրվա նշանակումը կարգավորվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածով։ ՏԻՄ ընտրությունները նշանակվում են մարզպետի կողմից՝ ԿԸՀ սահմանած օրերից որևէ մեկը՝ այնպես, որ որոշումը ուժի մեջ մտնի քվեարկության օրվանից առնվազն 70 օր առաջ։ Համամասնական ընտրակարգով ընտրված ավագանին իր լիազորությունները ստանձնում է նախորդ ավագանու լիազորությունների ավարտից հետո և, տրամաբանական է, որ հաջորդ հերթական ընտրությունները պետք է նշանակվեին այդ ժամկետի ավարտին հնարավորինս մոտ՝ այնպես, ինչպես նույն հոդվածում օրենսգիրքը հստակեցնում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների քվեարկության օրվա նշանակումը։
Այսպիսով, Թումանյան համայնքում ՏԻՄ ընտրությունները պիտի նշանակվեին 2026 թ․ դեկտեմբերի 13-ին կամ նոյեմբերի 29-ին։ Անկախ դիտորդը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Լոռու մարզպետին պարզելու, թե ինչու են Թումանյան համայնքի ավագանու ընտրությունները նշանակվել ենթադրյալ ժամկետից 2 ամիս առաջ։ Թեև Թումանյան համայնքում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետը և ցուցակը հիմնականում համադրում է 2021 թ․ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների ընտրական ցուցակները, սակայն ստացվում է, որ գործող ավագանին շարունակելու է իր լիազորությունները մինչև դեկտեմբերի 17-ը, որից հետո միայն սեպտեմբերին ընտրված ավագանին ստանձնելու է իր լիազորությունները։ ԿԸՀ-ին և Լոռու մարզպետին ուղված հարցումներին ի պատասխան Անկախ դիտորդը ստացել է Ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի հղում, որը վերահաստատում է ընտրությունների վաղաժամ նշանակման անհիմն լինելը։
Լերմոնտովո համայնքում ավագանու 5 մանդատների համար առաջադրվել էին 5 թեկնածուներ, ինչը երաշխավորում է նրանց ընտրվելը նույնիսկ 1 քվե ստանալու պարագայում։ Նույնն է իրավիճակը նաև Ֆերիկ համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններին։
Արզնի համայնքի ավագանու 7 մանդատների համար առաջադրվել էին 17 թեկնածուներ։ Արզնի և Լերմոնտովո համայնքում ավագանու թեկնածուների թվում միայն մեկ կին կար։ Ֆերիկում կին թեկնածու չկա։
Քվեարկության օրվա դիտարկումներ
Անկախ դիտորդ դաշինքը իրականացրել է 2026 թ․ սեպտեմբերի 27-ի տեղական ինքնակառավարման մարմինների քվեարկության կարճաժամկետ դիտորդական առաքելություն։ Չնայած ընտրությունները մրցակցային էին միայն Արզնի համայնքում, այնուամենայնիվ իրականացված դիտորդությունը առաձնահատուկ էր նրանով, որ միաժամանակ դիտարկվում էր թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով՝ այդ թվում մեկ թեկնածուի պարագայում կողմ և դեմ, քվեարկության գործընթացները։
Անկախ դիտորդ դաշինքը քվեարկության օրը դիտարկել է ձևավորված 14 տեղամասերից 11-ը։
Առավոտյան դիտարկված բոլոր հանձնաժողովների բոլոր նիստերը իրավազոր էին։ Դիտարկված տեղամասերից 1-ում նիստը մեկնարկել է ժամը 7։00-ից ուշ։ Դիտորդի գնահատմամբ՝ 10 հանձնաժողովներից 1-ի նախագահը չի տիրապետել իր գործառույթներին։ 1 տեղամասում վիճակահանության արդյունքները փոփոխվել են՝ ազատ հերթափոխը վերաբաշխելու նպատակով։ Թումանյան համայնքի 1 տեղամասի խցիկում բացակայել են 3-5 չօգտագործված քվեաթերթիկներ, ոչ միշտ են տեղադրվել և՛ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և՛ «Դեմ ե» քվեաթերթիկները։ Կարգը չհասկանալու պատճառով 1 ժամում արձանագրվել է բաց քվեարկության 2 փորձ։
Թումանյան համայնքի Թումանյան քաղաքում ընտրողներին տեղամասային կենտրոն է բերել Վանաձոր–Թումանյան երթուղային տաքսին։ Համայնքապետարանի աշխատակիցը դիտորդին պարզաբանել է, որ տեղափոխությունը կատարվում է իրենց խնդրանքով, քանի որ այդ ընտրողների բնակության վայրը տեղամասային կենտրոնից գտնվում է 4 կմ հեռու։ Անկախ դիտորդ դաշինքը Համայնքի կողմից տեղափոխության կազմակերպումը կրկնակի ճշտելու համար կապ է հաստատել գործող համայնքապետ և համայնքապետի թեկնածու Սուրեն Թումանյանի հետ։ Համայնքի ղեկավարը պնդել է, որ դեպքից անտեղյակ է։ Ընտրողների տեղափոխությունը խնդրահարույց է և կարող է ընկալվել, որպես ընտրողի կամարտահայտման նկատմամբ ազդեցության նպատակով տրամադրվող ծառայություն։ Բացի այդ հարկ է նշել, որ Ընտրական օրենսգիրքը համայնքի ղեկավարին պարտավորեցնում է սահմանել այնպիսի տեղամասային կենտրոնները, որ հնարավորին չափ մոտ լինեն ընտրական տեղամասում գտնվող բնակելի շենքերին և տներին։
Տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատման արդյունքում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնների ⅓-ի մուտքի մոտ հասնելու ճանապահին առկա էին խոչընդոտներ, որոնք կխանգարեին հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողներին։ ⅔-ի մուտքը մատչելի չէր, թվով 3 տեղամասային կենտրոնների քվեարկության սենյակը գտնվում էր 2-րդ հարկում։ Հանձնաժողովների միայն ⅓-ի անդամներն են հայտնել, որ վերապատրաստվել են հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության համար։
Մինչդեռ հանձնաժողովների մեծամասնության կարգապահությունը գնահատվել է որպես բավարար, 3 հանձնաժողովներում արձանագրվել են կրկնվող խնդիրները։ 2 ՏԸՀ-ում չէին պահպանում հանձնաժողովի անդամների հերթափոխը, իսկ երկուսում անփույթ և սխալներով էր վարվում հանձնաժողովի գրանցամատյանը։
Անկախ դիտորդի գնահատմամբ առավել էական խնդիր էր այն, որ Արզնի համայնքում թիվ 28 ԸԸՀ-ի հաստատած քվեաթերթիկի նմուշում թեկնածուների աղյուսակի շուրջ սպիտակ եզրագիծը նեղ էր, ինչի արդյունքում վերջին երկու թեկնածուների նշման հատվածները երևում էին ծրարի կտրվածքից՝ չապահովելով քվեարկության գաղտնիությունը։ Քվեաթերթիկի նման նմուշի հաստատումը Անկախ դիտորդը գնահատել է որպես պաշտոնեական անփութություն, որի վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ընդհանուր առմամբ դիտորդների կողմից արձանագրվել է 31 խախտում, որոնցից շուրջ ¼ կրել է ընթացակարգային բնույթ, իսկ ⅓-ը կրել են ընտրողների վերահսկման՝ այս ընտրությունների պարագայում ընտրողների պարտադրված մասնակցության կամ քվեարկության գաղտնիության խախտման բնույթ։ Տեղամասերից երկուսում ընտրողների վերահսկումը ուղիղ փոխկապակցված է եղել գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայության հետ։ Թումանյան համայնքի երկու տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց տևական կուտակում, ընտրողների վերահսկման հետ կապված խախտումները կատարվել են, երբեմն հենց հանձնաժողովի անդամների կողմից։ Հատկանշական է, որ կուտակման՝ անհարկի տևական ներկայության հետ կապված դեպքերից մեկը վերաբերում է Դսեղ բնակավայրում ՔՊ կուսակցության թեկնածուի և իր աջակիցների ներկայության հետ, որի մասին դիտորդները պարբերաբար տեղեկացրել են ծառայություն իրականացնող ոստիկաններին։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հեռացրել են տարածքում գտնվող մեքենաները և կողմնակի մարդկանց, միաժամանակ պնդել են՝ տեղամասային կենտրոնի շուրջ կուտակումների մեջ խնդիր չեն տեսնում, քանի որ ընտրությունները մրցակցային չեն։
Արձանագրվել են նաև բաց քվեարկության մի քանի, առերևույթ ոչ նպատակային, դեպքեր, որոնք սակայն մտահոգիչ են հանձնաժողովի անդամների արձագանքի բնույթի կամ որևէ արձագանքի բացակայության պատճառով։ Դիտորդների կողմից անձամբ տեսած օգնությամբ քվեարկելու դեպքերի մեծ մասում ընտրողը չի ունեցել ակներև օգնության կարիք։
Քվեարկության ամփոփման և ձայների հաշվարկը դիտարկվել է Լերմոնտովո, Ֆերիկ և Արզնի գյուղերում և Թումանյան համայնքի 6 բնակավայրերում։
3 տեղամասերի քվեարկության սենյակում որոշ ժամանակ ներկա են եղել գտնվելու իրավունք չունեցող անձինք՝ ոստիկան, 2-րդ վստահված անձ և անհայտ անձ, որը հեռացվել է։ Ձայների հաշվարկը ընդհանուր առմամբ պատշաճ է իրականացվել։
Անվավեր քվեաթերթիկների և ծրարում այլ իր (2-րդ քվեաթերթիկ) հայտնաբերելու դեպքում հանձնաժողովները ցուցաբերել են միանման մոտեցում։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Թումանյան համայնքի գրեթե բոլոր հանձնաժողովներում նկատվում էր կողմնակալ վերաբերմունք ի նպաստ գործող համայնքի ղեկավարի։
Ձայների հաշվարկի համատեքստում կրկին անհրաժեշտ է մատնանշել Թումանյան քաղաքը, որում առավել երկար է տևել քվեարկության ամփոփման նիստը։ Մինչդեռ խոսքը թվով 2 անճշտությունների առկայության մասին է, հանձնաժողովի նախագահը խուսափում էր ընտրողների ցուցակում ստորագրությունների և ընտրողներից ստացված կտրոնների թվի անհամապատասխանության վերաբերյալ կարգին համապատասխան արձանագրելուց։ Անկախ դիտորդը չի կարող պնդել քվեարկության ընթացքում այլ անձի փոխարեն քվեարկության մասին, սակայն հաշվի առնելով ընտրողների ստորագրած ցուցակների նկատմամբ նման զգուշավորությունը, կարևորում ենք այս տեղամասի արդյունքների վերահաշվարկի նշանակումը, ընտրողների ցուցակի, կտրոնների և տեսաձայնագրությունների ամբողջական ուսումնասիրությունը։
Ընտրություններն, առավելապես չլինելով մրցակցային, անցել են հանգիստ, ոչ լարված միջավայրում, իսկ քվեարկությունը արտացոլում է ընտրողների կամքը»,- ասված է ՀՔԱՎ-ի տարածած հաղորդագրությունում։